Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բոլոր մեղադրյալները: Դատարանն այսօր կիսով չափ կրճատեց Սեֆիլյանի պատժաչափը, ինչպես նաև բավարարեց Սեֆիլյանի խափանման միջոցը պատգամավորների երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Նշենք, որ դատարանի որոշմամբ փոխվեց Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի խափանման միջոցը։
Ժիրայր Սեֆիլյանը թեև չարդարացվեց, բայց նրա պատժաչափը կրճատվեց՝ սահմանվելով հինգ տարի վեց ամիս:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը զգուշացրեց՝ թուրը կախված է օդում Ժիրայր Սեֆիլյանի գլխին, կայացվածը դատախազության առաջարկած տարբերակն էր. «Դատարանը քաղաքական որոշում էր կայացրել: Որևէ ձևով չի կարելի արդարացնել այն, որ Սաֆարյանն ու Սեֆիլյանը նման մեղադրանքով են մեղադրվում, և դա չվերացվեց: Նրանց անմեղությունը չհռչակվեց: Սա զուտ քաղաքական մեղադրանք է, քաղաքական գործունեության համար: Անհասկանալի էր նաև դատարանի վերջնական որոշումը: Չնայած խափանման միջոցը փոխում է, բաց հինգ տարի վեց ամիս դատապարտում է մինչև Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտ կայացնելը: Եթե Վճռաբեկը չբեկանի այս դատական ակտը, Ժիրայր Սեֆիլյանին պետք է պատիժ նշանակվի հինգ տարի վեց ամիս: Անտրամաբանական է, այստեղ չկա իրավաբանություն: Դատարանը գտնում է, որ խափանման միջոցը պետք է փոխվի, բայց միևնույն ժամանակ պատիժ պայմանականորեն չի կիրառում: Այսինքն՝ թուրը օդում կախված է Ժիրայր Սեֆիլյանի գլխին: Բնականաբար, բողոք պիտի բերվի: Եթե Վճռաբեկը բողոքը վերադարձնի, սա նշանակում է, որ այս խափանման միջոցը փոխելը առավելագույնը երեք ամսվա ժամանակ ունի: Սա ի դեպ դատախազության առաջարկած տարբերակն էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ