Գեղարքունիքի մարզի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային 12-րդ օրը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Սևան քաղաքում, այցելեց շինհրապարակներ, ծանոթացավ պետական,համայնքային և դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվող հիմնանորոգման և կառուցման ծրագրերին: Օրվա այցի հասցեներն էին` թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, Սևանի բժշկական կենտրոն, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց:
Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սևանի համայնքապետարանն էր, որտեղ նա հանդիպումներ ունեցավ համայնքապետարանի աշխատակազմի, տարածաշրջանի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ: Հանդիպում-քննարկումների ընթացքում մարզպետը ծանոթացավ այդ ոլորտներում իրականացվող աշխատանքներին, հիմնախնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ինչպես իր խոսքում նշեց մարզպետ Սաղաթելյանը, Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ է ու հուսադրող, և կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում այստեղ մենք լուրջ առաջընթաց կարձանագրենք կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտներում:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ