«Ես ընդհանրապես սիրում եմ պարը….ազգային պարն եմ սիրում, չառլստոն եմ սիրում, ռոքնռոլ…Ընդհանրապես պարը շատ կարեւոր է մարդկության կյանքում, որովհետեւ պարի միջոցով ձերբազատվում ես քո կուտակած բացասական հույզերից, ավելի երջանիկ եւ ուրախ մարդ ես դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, որը հունիսի 13-ին այցելել էր Պարարվեստի քոլեջ, եղել քննասենյակում, շփվել քոլեջի սաների ու աշխատակիցների հետ` ամենուր հանդիպելով ժպիտների:
Մանրամասները` տեսանյութում
Քոլեջի դահլիճում նա դիտեց ավարտական համերգի առաջին մասը: Վերջում սիրով լուսանկարվեց պարողների հետ: Երբ երեխաները շնորհակալություն հայտնեցին այցելության համար, ՀՀ նախագահի տիկինն ասաց, որ հաճելիորեն զարմացած է. «Խոստովանեմ, որ չէի սպասում նման կատարելություն, թե տղաները, թե աղջիկները հիասքանչ էին պարում»:
Մանրամասները` տեսանյութում
«Բալետ ստեղծելը դժվար աշխատանք է, տարիների, երկար ժամերի…»,- ասաց տիկին Սարգսյանը, ապա քոլեջի սաներին մաղթեց, որ զարդարեն ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի լավագույն բեմերը:
Մանրամասները` տեսանյութում
Նունե Սարգսյանը նաեւ զրուցեց պարարվեստի քոլեջի երախտավորներից Հովհաննես Դիվանյանի հետ: Ապա բոլորին մի պատմություն պատմեց. «Երբ փոքր էի, առաջին բալետը տեսա: Այդ ժամանակ 6 տարեկան էի: Ես ծնողներիս աղերսեցի, որ ինձ պարարվեստի ուսումնարան տանեն: Բերեցին, քննությունն անցա, ծալեցին, ճկեցին, երաժշտական լսողությունս ստուգեցին, սակայն 6 ամիս հետո նորից սկսեցի աղերսել, որ ինձ հանեն ուսումնարանից, շատ դժվար է, չեմ կարող շարունակել: Ինչպիսի կամքի ուժ է հարկավոր տարիներ շարունակ աշխատելու, պարապելու համար, որպեսզի ստեղծվի այս հիանալի գեղեցկությունը»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանում ի՞նչ բալետային ներկայացում է դիտել ու հավանել: «Այսօր «Դիմակահանդեսն» եմ գնալու նայեմ, վստահ եմ, որ ինձ դուր կգա»,-ասաց նա: Նշեց, որ շատ է հավանել հատկապես մեր «Սպարտակ» բալետը: Նաեւ հավելեց, որ քոլեջ այցելելու նախաձեռնությունն իրենն էր, որովհետեւ շատ է սիրում բալետ, օպերա եւ երաժշտություն, միշտ պատրաստ է օգնել այս կրթօջախին, ինչով կարող է:
«Պարարվեստը մեր ազգային մշակույթի կարեւոր մասն է: Ժամանակին լինելով Խորհրդային Միության եւ ռուսական բալետային դպրոցի մի մասը` մենք բախտ ունեցանք զարգացնել այդ արվեստը: Իսկ դրանից առաջ ունեցել ենք Ագրիպինա Վագանովա, որ ազգությամբ հայ բալետի պարուհի էր, պարուսույց, ինքը ստեղծեց հատուկ մեթոդ բալետի պարողնեñին կրթելու համար: Նրա հայրը հայ էր, մայրը` ռուս, ու բոլորին հայտնի է, որ Վագանովան հայ է: Հիմա նրա անունով Պետերբուրգի պարի ակադեմիան է կոչվում: Այսինքն, մենք ունեցել ենք բալետային ավանդույթներ եւ ինչպես այսօր տեսա, այդ ավանդույթները շարունակվում են»,- հայտնեց Նունե Սարգսյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ իր թոռնուհին`6-ամյա Սավաննան նույնպես նախընտրել է բալետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ