Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացած և շոյված եմ, որ նորից հիշեցին Ա1+-ին ու նրա խնդիրները. Մեսրոպ Մովսիսյան

Հունիս 13,2018 14:10

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի կարծիքով՝ մեր երկրում բացահայտ կերպով երբեք չի ճնշվել խոսքի ազատությունը:

Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) կազմակերպված քննարկմանը պարոն Մովսիսյանը փաստեց՝ տարիներ շարունակ ԶԼՄ-ներին զրկել են ֆինանսական աղբյուրներից, ինֆորմացիա ստանալու հնարավորությունից և ընդհանրապես գցել աղբի ամանը, բայց ոչ թե իրենց, այլ ժողովրդի ձեռքով. «Սա որևէ կապ չունի խոսքի ազատության հետ, որի մասին սկսած Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով բոլոր տեղերում հայտարարվել է: Ա1+-ը վատ է աշխատում, քանի որ զրկված է ֆինանսական ռեսուրսներից, ինֆորմացիա ստանալու հնարավորությունից և լավ կադրերից: Երբ մեզ մոտ մի քիչ աճում է որևէ լրագրող, միանգամից հայտնվում է որևէ այլ լրատվամիջոց, որն ավել գումար առաջարկելով՝ տանում է: Ստացվում է այնպես, որ մենք միշտ աշխատում ենք անփորձ լրագրողների հետ, ժամանակ ենք կորցնում նրանց վրա և շեղվում բուն աշխատանքից»:

Հետադարձ հայացք նետելով՝ պարոն Մովսիսյանը հիշեց 2002-ը. «2002-ին Ռոբերտ Քոչարյանը մի գրչի հարվածով միանգամից բոլորի բերանը փակեց: Հաճախ կարմրում էի իմ գործընկերների տեղը, երբ զգացի, որ կամաց-կամաց սկսեցին իրենց մասնագիտական սկզբունքներին դավաճանել: Դա ամոթալի բան էր ՀՀ-ի համար, որը, թվում էր՝ վերջնականապես անցանք»:

Ըստ Մեսրոպ Մովսիսյանի՝ մայիսի 8-ը հույս տվեց ԶԼՄ-ներին, որ արեք այն, ինչ պարտավոր եք անել, և բոլորը պատրաստ են դրան. «Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, տարիների ընթացքում զգալով ճնշման հետևանքները, այդ քայլին չի գնա: Երիտասարդ պոռթկումները, որ մեկ-մեկ դրսևորվում են, վերագրում եմ անփորձ ու երիտասարդ լինելուն: Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ նորմալ, իր հունով գնալու է: Մամուլը պարտավոր է հետևել կառավարության աշխատանքին և բարձրացնել բոլոր խնդիրները կառավարության որոշումների մեջ: Եթե դա չլինի, ուրեմն անիմաստ է մայիսի 8-ը»:

Հիշեցմանը, թե այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվել է Ա1+-ի հարցը՝ մասնավորապես փոխհատուցման, եթեր տրամադրելու, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Ես, իհարկե, իսկապես այսօր զարմացած և շոյված եմ, որ նորից հիշեցին Ա1+-ին ու նրա խնդիրները: Փոխհատուցում, ես դա միայն գումարային չեմ պատկերացնում, դա մի քիչ էլ բարոյական է լինում: Ես սկզբնական կուզենայի պետությունից բարոյական փոխհատուցում ստանալ. պետությունից, ոչ թե կառավարությունից, որը ժամանակին մեծ սխալներ էր թույլ տվել մամուլի դաշտում, որից հետո կանդրադառնային ֆինանսական և եթերազրկման հարցերին: Այն հարցը, որ բարձրացվեց, համարում եմ, որ դա ոչ միայն Ա1+-ի խնդիրն է, այլ ընդհանուր մամուլի խնդիրը: Մեր օրինակի վրա բարձրացվել է ազատ խոսքի, աշխատանքի որակի և տեխնիկական սպասարկման որակի խնդիրների հարցը»: Պարոն Մովսիսյանը չի պատկերացնում, թե ինչպես են այդ փոխհատուցումները լինելու, քանի որ չկան մրցույթներ, ֆինանսներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930