Քիչ առաջ փոխմարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց նաեւ կրկին ՀՀԿ-ն ներկայացնող Արսեն Դարբինյանը: Մեզ հետ զրույցում Դարբինյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառն իշխանափոխությունն է. «Իշխանափոխություն է եղել, քաղաքական որոշումներ կան: Եթե արդեն ուրիշ քաղաքական ուժեր են եկել իշխանության, պարզ չի՞, որ մենք պետք է հրաժարական տանք»:
Այն հարցին, թե չէի՞ք ցանկանում նոր քաղաքական ուժերի հետ աշխատել, Դարբինյանը պատասխանեց. «Դա իմ ուզելով չէ, ի՞նչ է եղել, կաշխատեի: Բայց սա է՝ քաղաքական իրողություն է փոխվել, մենք էլ ենթարկվում ենք մեր բոլոր հրահանգներին, քաղաքականությանն ու ընդունված կարգին: Մեզ չեն ասել, որ հրաժարական ներկայացնենք, մենք մեր կամքով ենք ներկայացրել»:
Դարբինյանն ասում է, որ ինքը կաշխատեր նաեւ այլ կուսակցությունների հետ, եթե մնար պաշտոնում. «Ինձ համար կուսակցությունը, կամ հատկապես մարզպետ Հրանտ Մարգարյանն այն մարդիկ չեն, որ ես չուզենամ իրենց հետ աշխատել: Անձնական հարաբերություններ կան, հին բարեկամություն ու ընկերություն կա: Բայց քաղաքական իրողություններից ելնելով ես նպատակահարմար չեմ գտնում մնալ»:
Դարբինյանը փոխմարզպետի պաշտոնում էր 2007 թվականից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ