Այս պահին «Երեւան հիմնադրամում» չեն պատասխանում հեռախոսազանգերին: 011. 514.191 համարով քաղաքային հեռախոսազանգը ստանում են, բայց լսափողը վերցնում եւ անմիջապես վայր են դնում: Արդեն մի քանի ժամ է՝ «Երեւան հիմնադրամում», որի գրասենյակը գտնվում է քաղաքապետարանի շենքում, Ազգային անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն, հատուկ գործողություններ է իրականացնում:
Քիչ առաջ ԱԱԾ-ից մեկնաբանեցին, որ «Երեւան հիմնադրամի» աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Ծառայությունից հայտնում են նաեւ, որ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ հիմնադրամի հաշվապահն այս պահին գտնվում է ԱԱԾ-ում:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել ԱԱԾ-ի գործողությունների մասին: Նրա խոսքով՝ «Երեւան հիմնադրամը» Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մաս չի կազմում. «Շեշտադրումը, թե Երեւանի քաղաքապետարանում ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է կատարում, չի համապատասխանում իրականությանը»:
Aravot.am-ի հարցին, թե կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ առաջիկա ավագանու նիստին քննարկման է դրվելու «Երեւան հիմնադրամի» լուծարման հարցը, Արթուր Գեւորգյանն ասաց, որ հիմնադրամն առանձին կառույց է եւ քաղաքապետարանի աշխատակազմը դրա հետ կապ չունի:
Մեր այն հարցին, թե հարցն առնչվում է Տարոն Մարգարյանին, քանի որ ինքն է հոգաբարձուների խորհրդի նախագահը, Արթուր Գեւորգյանն ասաց. «Խորհրդի նախագահ լինելը դեռ ոչինչ չի նշանակում»:
Հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն անդրադառնալով «Երեւան հիմնադրամի» շուրջ ստեղծված աղմուկին՝ ասել էր, որ ինքը հետ չի կանգնելու իր մտադրությունից եւ հիմնադրամի լուծարումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատարանում հարցը քննելուն: Նա նաեւ ասաց, որ միջնորդելու են դատարանին հիմնադրամի լուծարման գործընթացը կասեցնել: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ հունիսի վերջին նախատեսվում է ընդդեմ հիմնադրամի դատական նիստի առաջին լսումը:
«Երեւան հիմնադրամին» դատի են տվել Արայիկ Հարությունյանը եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հիմնադրամից պահանջած փաստաթղթերը չստանալու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ