Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, Շիրակի պետական համալսարանի նախկին երկու աշխատակիցներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Հոդված 308-ը որ վերնագրված է «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, նախատեսում է հետևյալ պատիժը
1.Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը ռեկտոր Սահակ Մինասյանին, որը նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, մեղադրում էին մի շարք ապօրինությունների և չարաշահումների մեջ։
Ռեկտոր Սահակ Մինասյանն այս երկու աշխատակիցներին ազատեց աշխատանքից, իսկ երկրում իշխանափոխությունից հետո ստիպված եղավ ներկայացնել նաև իր հրաժարականի դիմումը:։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ