Եվս մի քանի օր, և Սևանի թիվ 2 հիմնական դպրոցում աշակերտներն ու մեծահասակները իրենց գիտելիքները կխորացնեն, կամրապնդեն կամ առաջին քայլերը կանեն ֆրանսերենի լեզվաիմացության աշխարհում:
Ֆրանսերենի երկամսյա ամառային դպրոցը գործում է արդեն 10 տարի: Նախագիծն իրականացվում է Սևան- Գրենոբլ համագործակցության շրջանակներում: Դասընթացներն անցկացնում են Ֆրանս-ֆորմասիոն ինտերնացիոնալ կազմակերպության մասնագետները:
Անցած տարիների ընթացքում ֆրանսերեն լեզուն Սևանում դարձել է պահանջված: Շատ են փորձում «մուտք գործել» ֆրանսերենի աշխարհ ու այդ լեզվի միջոցով ծանոթանալ Ֆրանսիայի պատմությանը, մշակույթին, կենցաղավարությանը:
Ուսուցումը կազմակերպվում է չորս մակարդակով, յուրաքանչյուր մակարդակ ամառային մեկ շրջան է ընդգրկում: Այն անցկացվում է երկու ամիս տևողությամբ, անվճար հիմունքներով, շաբաթը հինգ անգամ:
Սևան համայնքում զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և լեզուների իմացությունը դառնում է պահանջված, իսկ լեզուների իմացությանն ու խորացմանը նպաստող ծրագրերը` անհրաժեշտ:
Ամառային դպրոցը միաժամանակ արձակուրդները նպատակային անցկացնելու հիանալի հնարավորություն է, որն ընձեռել են Գրենոբլի և Սևանի քաղաքապետարանները:
Տեղեկացնենք, որ այս տարեշրջանի դասընթացներին մասնակցել ցանկացողները` 12 տարեկանից բարձր, կարող են ցուցակագրվել և հունիսի 25-ից մասնակցել ֆրանսերենի երկամսյա ամառային դպրոցի դասերին։
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ