«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, նոր կառավարության գործելաոճի մասին զրուցել է երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ։ Նա խոստովանել է, որ երբեմն կառավարության գործունեության մեջ իրեն էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, բայց ինքն իր վստահության քվեն չի վերցնում այս կառավարությունից։
– Երեկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ նշելով, որ նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդներն ընդունելի չեն իր համար։ Ինչպե՞ս կորակեք նրա այս քայլը։ Շատերը նկատեցին, որ նա սկզբունքային գտնվեց, սակայն հանրության մի հատված էլ մեղադրեց նրան թիմը կառավարության համար դժվարին փուլում լքելու մեջ։
– Մենք ականատեսն ենք մեր իրականության մեջ նոր երեւույթի, երբ նախարարն իր համոզմունքների պատճառով հրաժարական է տալիս։ Մենք ընտելացել էինք անդեմ, անատամ կառավարիչներին, պատգամավորներին։ Կարծրատիպերի ոչնչացման հերթական նմուշ է սա։ Պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը դեռ շատ ջուր կտանի։ Ես չեմ կարող կառավարության անդամների փոխարեն խորը վերլուծություններ անել, որովհետեւ ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում, նաեւ չգիտեմ՝ այդ հարցն այսօր ստորջրյա ինչ խութեր է պարունակում։ Գուցե վստահության նոր մակարդակ է ապահովվել։ Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուրս մեր քայլերի համար նախ եւ առաջ ինքներս մեր խղճի առաջ ենք պատասխանատու։ Եթե մարդը սկզբունքային է, արժանի է միայն հարգանքի։ Բայց խորին ափսոսանքս եմ հայտնում, որ Մանեի տեսակը պակասելու է մեր քաղաքական դաշտում։ Իմ կողմից էլ ավելացնեմ, որ այդ պարտադիրը իմ սրտով էլ չէ։
– Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հանդեպ երկու ամիս առաջվա հանրային միանշանակ վերաբերմունքը կարծես չկա։ Ի՞նչ պետք է անի վարչապետը իր դիրքերը ամուր պահելու համար։
– Կարծում եմ՝ կառավարությունը հաստատակամ առաջ է շարժվում։ Ամեն բան կամաց-կամաց իր տեղը կընկնի։ Մենք դեռ ամբողջական կերպով չենք ռեալիզացրել հեղափոխությունը։ Դրա համար տեւական ժամանակ է պետք։ Գիտե՞ք՝ երբեմն կառավարության գործունեության մեջ ինձ էլ են ինչ-որ բաներ տրամաբանությունից դուրս թվում, թվում է, թե ուշացնում են ինչ-ինչ անհետաձգելի լուծումներ։ Բայց ես իմ վստահության քվեն չեմ վերցնում այս կառավարությունից։ Ես կասկած չունեմ կառավարության հիմնական անդամների քաղաքական բարձր կամքի եւ հետեւողականության առնչությամբ։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում