ՀՅԴ-ի քվոտայով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար նշանակված Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր այդ մասին ասաց նախարարը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: «Փորձում եք ինտրիգ փնտրել, չկա այդպիսի բան: Այնքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային եւ հարցերը շեշտադրած աշխատում է, աշխատելու ենք»,- ասաց նա` հավելելով, որ երբ կզգա, որ այլեւս անհնար է աշխատելը`անպայման կհրաժարվի իր պաշտոնից: Հավաստիացրեց` եւ կամք, եւ վճռականություն ունի:
Հիշեցնենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո, երեկ խոսակցություններ տարածվեցին, որ սպասվում են Արծվիկ Մինասյանի եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականները ևս:
Արծվիկ Մինասյանն առայժմ տրամադրված է վճռական աշխատելու, քանի որ տնտեսական, հատկապես հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում հսկայական անելիքներ կան: Իսկ Մանե Թանդիլյանի հրաժարականի համար ափսոսանք հայտնեց:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց: Իր հրաժարականի մասին, ասաց, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նա:
Իսկ Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառների մասին կխոսի հեռուստաեթերի ժամանակ, արդեն պայմանավորվածություն ունի, որը չի ցանկանում խախտել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ