Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս Արցախի անվտանգության երաշխավորներն ենք». Էդուարդ Շարմազանով

Հունիս 13,2018 12:41

«Դատապարտելի հայտարարություն է, որը կարծում եմ՝ պետք է արժանանա համանախագահների խստագույն գնահատականին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը: Վերջինս սպառնացել էր ռազմական ճանապարհով «ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարում այն, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու մասին. «Պետդումայում, նախորդ տարի, իրեն հստակ պատասխանել եմ: Սակայն լավ չի հասկացել. նորից կկրկնեմ`թող բոլորի մտքից դուրս գա, որ ՀՀ-ում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որեւէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրի»:

ՀՀԿ-ի դիրքորոշումը Արցախի հակամարտության հարցում չի փոխվել նաեւ ընդդիմադիր դառնալուց հետո: Իրենք իշխանությունում պայքարել են Արցախի հարցի արդար լուծման համար, հիմա էլ սատարելու են իշխանություններին բոլոր բանակցություններում. «Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, մենք բոլորս Արցախի անվտանգության երաշխավորներն ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930