«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ։
– Պարոն Համբարձումյան, վարչապետի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ բանավեճն ինչո՞վ եք պայմանավորում։ Արդյոք Մինասյանը թիրախավորվա՞ծ է, թե՞ այլ խնդիր կա։
– Չեմ կարծում, որ թիրախավորված է։ Եվ այս հարցի շուրջ Արծվիկ Մինասյանն իր տեսակետն արտահայտել է։
– Հիշենք թեկուզ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նույնպես նման միջադեպեր լինում էին, եւ Մինասյանը նկատողություն էր ստանում։
– Ես կարծում եմ՝ պարոն Մինասյանը պարզապես հավատարիմ է իր տեսակին, նկարագրին, չի վախենում իր դիրքորոշումները, տեսակետները բարձրաձայն արտահայտելուց, ոչ թե համր լռությամբ համաձայնում է այս կամ այն հարցին։ Իսկ այդ քննարկված հարցը՝ կուտակայինի մասով, ինչ-որ առումով հարկադրված լուծում էր։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծում է ստանում։ Եվ պարոն Մինասյանի արտահայտած մոտեցումները վերաբերում էին հենց դրան։
– Բայց այդ ընթացքում Գյուղնախարարը մոտեցավ պարոն Մինասյանին, ականջին ինչ-որ բան ասաց, եւ դրանից հետո Մինասյանը փոխեց դիրքորոշումը, դեմ էր, բայց հետո կողմ եղավ որոշմանը։
– Ես, ճիշտն ասած, չեմ արձանագրել այդ պահը, որ Դուք ասում եք։ Չգիտեմ՝ ինչ կարող է ասած լինել։ Բայց կարծում եմ՝ բավական հստակ էր իր ասածն այն առումով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի առումով ճիշտ լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում