Նախօրեին կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային բաղադրիչը, այսինքն՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատողները պարտադրված կլինեն ընդգրկվել համակարգում:
Կառավարության այս որոշումը հերթական բողոքի ալիքն է բարձրացրել «Դեմ եմ» նախաձեռնության անդամների շրջանում։ Նրանք վճռական են տրամադրված՝ հետագա քայլերի միջոցով օրենքը գոնե եւս մեկ տարով հետաձգելու եւ կառավարությանը համատեղ քննարկումների սեղանի շուրջ նստեցնելու հարցում, որպեսզի իրենց կարծիքի հետ եւս հաշվի նստեն:
Նախաձեռնության անդամ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անընդունելի, անարդար է համարում վիճահարույց օրենքի նախագիծն ընդունելու վարչապետի պարտադրանքը՝ ասելով, որ այն որեւէ կերպ հիմնավորված չէ՝ որքան էլ վարչապետը ահազանգում է, թե նախագիծը չընդունելու դեպքում երկրում ճգնաժամային իրավիճակ կստեղծվի: Եթե ճգնաժամի սպառնալիք լիներ, ապա նախկին իշխանությունները հազիվ թե երկու անգամ հետաձգեին օրենքի պարտադիր կիրառությունը: Նա վստահ է, որ այդ պատճառաբանությունն ընդամենը կառավարության քայլի արդարացում է, ոչ ավելին:
Նիկոլ Փաշինյանը նախագծի ընդունումը հիմնավորել է նրանով, թե արդեն իսկ համակարգի 200 հազար շահառուների վճարած 120 մլրդ դրամի մեծ մասը՝ 70 տոկոսը, ներդրվել է Հայաստանի տնտեսության մեջ, եւ եթե այժմ հրաժարվենք այդ համակարգից ընդհանրապես եւ ֆոնդերին վճարած գումարները վերադարձնենք, ապա կհայտնվենք ճգնաժամային իրավիճակում:
Մինչդեռ, ըստ Լեւոն Հարությունյանի, դա խաբկանք է, ինչում Կենտրոնական բանկի մասնագետները համոզել են վարչապետին՝ իրականությանը չհամապատասխանող, ուռճացված թվեր ու, այսպես ասած, փաստեր ներկայացնելով. «Վճարած գումարների մոտ 40 տոկոսը պարտատոմսերում է ներդրվել, մնացածը՝ բանկային ակտիվներում։ Հայաստանյան կազմակերպություններում այդ գումարներից ներդրումներ չեն կատարվել, քանի որ Կենտրոնական բանկը այնպիսի փաթեթ է սահմանել, որի պայմաններին Հայաստանում միայն երկու կազմակերպություն է բավարարում: Մենք դա ուսումնասիրել ենք: Մնում են բանկերը, այդ ոլորտում է ներդրում արվել, որը երկրի տնտեսությունը չէ եւ միայն բանկերի զարգացմանը կարող է նպաստել:
Իսկ ի՞նչ են արել բանկերը: Նրանք այդ գումարներով նաեւ հիպոթեկային ակտիվներ են ձեռք բերել, որից 8-9 տոկոս շահույթ են ստանում, իսկ սովորական քաղաքացուն բանկը հիպոթեկային վարկը տրամադրում է 13-15 տոկոսով: Այսինքն՝ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացու շնորհիվ բանկերը 8-9 տոկոս շահույթ են ստանում հիպոթեկային ակտիվներից, սակայն այդ նույն քաղաքացուն վարկի այդ տեսակը տրամադրում են շատ ավելի բարձր գնով:
Որքանո՞վ է սա արդարացի կենսաթոշակային բարեփոխումներին մասնակցող սովորական քաղաքացիների նկատմամբ: Այդքանից հետո ի՞նչ երաշխիք կարող է ունենալ այդ նույն խաբված քաղաքացին, որ տարիներ հետո, երբ նա կանցնի թոշակի, իր գումարները կվերադարձնեն իրեն»:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում