«Դա իր որոշումն է: Ես հարգանքով եմ վերաբերվում նախկին պատգամավոր, արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշմանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Մանե Թանդիլյանի երեկվա հրաժարականին:
Նախարարի հրաժարականի պատճառը, հիշեցնենք, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքային հարցերում անհամաձայնություններով էր պայմանավորված: Կառավարության արտահերթ նիստում որոշում կայացվեց համակարգի ներդրման մասին: Պարտադիր ներդրման բաղադրիչը, որի դեմ ի սկզբանե պայքարել է նաեւ Մանե Թանդիլյանը, պահպանվել է:
Էդուարդ Շարմազանովը դպրոցական տարիքից է ճանաչում Մանե Թանդիլյանին: Նույն քաղաքից են եղել: Բայց չի մեկնաբանում նրա որոշումը: Ասում է`դա քաղաքական որոշում էր:
«Հիմա եթե ասենք`կառավարության ճաքերն է, ճաքերը չի, կգրեք`նախկին իշխանությունը չարախնդում է… դրանք կառավարության ներքին խնդիրներն են: Ես ասել եմ`կառավարության գործունեությանը գնահատական հիմա չենք տալու: Մենք կայացած քաղաքական թիմ ենք, մենք չարախնդացող չենք: Կա քաղաքական օրակարգ, Փաշինյանը թող իր թիմակիցներով որոշի`ո՞րն է ճիշտ, որը`սխալ»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետի թեկնածուի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել էր`Նիկոլ Փաշինյանը չի համոզել իրեն: ԱԺ փոխխոսնակին չէր բավարարել ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների տարբերությունը: Այն ժամանակ ինքը տարակուսել էր`կարող է այլ հարցերում էլ փոխեք ձեր դիրքորոշումը: Հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը փոխել է նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ինքը նույնն է ասում`քաղաքական գործիչը`անկախ ընդդիմադիր եւ իշխանական լինելուց, պետք է նույն դիրքորոշումն ունենա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ