Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիեւ առաջին շփումը՝ Պուտինի «հովանու» ներքո

Հունիս 13,2018 11:30

Սկիզբը՝ այստեղ

Ֆուտբոլային կրքեր՝ ղարաբաղյան թեժացած մթնոլորտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը՝ տեղեկացրին ռուսաստանյան գործակալությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպում նախատեսված չէ՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը. «Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիեւի հետ հանդիպում նախատեսված չէ»:

Եթե նույնիսկ պաշտոնապես Փաշինյան-Ալիեւ հանդիպում ծրագրված չէ, այնուամենայնիվ, ստացվում է այնպես, որ Փաշինյանի ու Ալիեւի առաջին շփումն անցկացվելու է Պուտինի «հովանու» ներքո, իսկ դա կարեւոր հանգամանք է:

Ընդ որում, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի ղեկավարի առաջին շփումը տեղի է ունենալու Ղարաբաղյան թեմայի թեժացման ֆոնին: Մի քանի օր առաջ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերականգնելու են Հայաստան-Ադրբեջան ռազմական խախտված հավասարակշռությունը՝ զարկ տալով Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին: Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին, հայտարարեց, հակադրելու են ինովացիոն տեխնոլոգիաներն ու միտքը։ Փաշինյանը նաեւ անդրադարձավ նախկինում արած իր հայտարարությանը, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում ԼՂ-ի ղեկավարությունը. «1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ՝ ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետեւաբար նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետեւ դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում»։

Նշենք, որ հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել էին Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Իսկ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը քննարկել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել էր, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլեւ այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի արձագանքին Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, ապա Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատություն» ռ/կ-ին օրերս ասել էր՝ Հայաստանի վարչապետն ասում է այն, ինչի համար Ստեփանակերտն արդեն 20 տարի է՝ պայքարում է. «Հայտարարությունը շատ կարեւոր է: Մենք էլ 20 տարուց ավելի անընդհատ փորձում ենք վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Սա միակ ճանապարհն է իրոք հակամարտության համապարփակ կարգավորման: Դա չի նշանակում, որ բանակցությունները պետք է սառեցվեն հենց էսօր, բայց սրան զուգահեռ երեւի այլ որակ պետք է հաղորդվի լիարժեք ձեւաչափի վերականգնման աշխատանքներին»:
Պաշտոնական Բաքուն անմիջապես քննադատեց Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը:

«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Ադրբեջանը նաեւ սադրանքների դիմի շփման գծում: Միեւնույն ժամանակ նա ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի խոսելու Արցախի անունից. «Իհարկե, պարոն Փաշինյանը բարոյական էլ, քաղաքական էլ իրավունք ունի խոսելու նաեւ տվյալ դեպքում Արցախի անունից: Մյուս կողմից՝ ղարաբաղցի կատեգորիան իրավական եւ քաղաքական չէ: Եթե նույնիսկ պարոն Քոչարյանը եւ պարոն Սերժ Սարգսյանը եղել են Ղարաբաղից, եւ դա հիմք է հանդիսացել, ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու, սա իրավական որեւէ հիմք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է այն ժամանակ Ադրբեջանի սադրանքները կասեցներ եւ ասեր՝ ի՞նչ կապ ունի, թե հիմիկվա Հայաստանի ղեկավարությունը որտեղից է ծագումով, սա իրավակա՞ն կատեգորիա է, թե՞ քաղաքական կատեգորիա է: Հետեւաբար պետք է այս երկու հարթությունում այն դիտարկել. մի կողմից, լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական, մյուս կողմից՝ դա ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական կատեգորիաներ են: Պետք է պարզապես աշխատել այն ուղղությամբ, որ վերականգնվի լիարժեք ձեւաչափը»:

Ակնհայտ է, որ Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի մոտ ապագայում հնարավոր չլինի Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջը։ Իսկ թե ինչպես կազդի առհասարակ այս մթնոլորտը բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից՝ պարզ կլինի քիչ անց: Համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան, թերեւս, հենց այդ շարունակականությունն ապահովելն է: Պաշտոնական Երեւանից խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունն արձանագրելը միջնորդների ներկայիս նպատակն է:
Հավելենք, որ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը օրերս պատասխանելով «Ազատության» հարցերին՝ շեշտել է, որ բանակցային ֆորմատը փոխելու փորձ չի արվում:

«Արցախի մասնակցության մասով, ինչպես գիտենք, կառավարության ծրագրում հստակ նշված է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն եւ մասնակցություն ունենա բանակցություններում: Ինչո՞ւ է սա ասվում, որովհետեւ տրամաբանական չէ, որ հակամարտության հիմնական կողմը չի մասնակցում իր ճակատագրին վերաբերող հարցերի քննարկմանը: Սակայն պետք է նշել, որ սա ոչ թե նոր իրողություն է կամ բանակցային ֆորմատի փոփոխության փորձ, ապակառուցողական փորձ, այլ սա ընդամենը հարց է, որը, կարծում ենք, պետք է քննարկվի: Բայց, միեւնույն ժամանակ, պարոն Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցել Իլհամ Ալիեւի հետ»,- նշել է նորանշանակ փոխարտգործնախարարը:

Այնուհետեւ Ռ. Ռուբինյանն արել է հայտարարություն, որը հակասում է օրերս ԱԺ-ում եւ ավելի վաղ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տեսակետներին: Ռ. Ռուբինյանն ասել է հետեւյալը. «Փաշինյանը չի ասել, որ ինքը չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի անունից: Նա նշում է այն փաստարկները, որոնց հիման վրա, մեր կարծիքով, բանակցությունների արդյունավետության բարձրացման համար Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններում»:

Նկատենք, որ ղարաբաղյան բանակցություններում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ Արցախի անունից բանակցելու առնչությամբ ԱԺ-ում խոսելիս Փաշինյանի՝ «…նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետեւ դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում», նշանակում է, որ Հայաստանի վարչապետը համարում է, որ ճիշտ չի Լեռնային Ղարաբաղի անունից իր կողմից բանակցություններում հանդես գալը:

«Ազատության» ճշգրտող հարցին՝ Ադրբեջանի առջեւ այդպիսի պայման դրվելո՞ւ է, թե՞ քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ներգրավված չէ բանակցություններում, ապա Հայաստանի վարչապետը չի բանակցելու, Ռուբինյանը պատասխանել է. «…Այս փուլում մեզ համար կարեւորը դինամիկան պահպանելն է, բայց մեր ընդհանուր տրամաբանության մեջ մտնում է հետեւյալ գիտակցումը, որ Արցախը բանակցային գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն, եթե մենք ուզում ենք բարձրացնել բանակցությունների արդյունավետությունը»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել