ՍԴ դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանից եւ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից մի շարք մտահոգությունները հաշվի առնելով՝ իշխանական «Ելք» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը: Իրենք հուսով են, որ թեկնածուն չի ընտրվի: Այս մասին այսօր խորհրդարանական քառօրյայում հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Նաիրա Զոհրաբյանն իրենց որոշումը հիմնավորեց այսպես. «Հաշվի առնելով, որ դատավորի թեկնածուն որեւէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ թեկնածուն կարող է ունենալ սեփական կարծիք`լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն եւ համարձակություն`պաշտպանելու սեփական տեսակետը, եթե անգամ այն տարբերվում է»:
Խորհրդարանն այսօր քվեարկեց եւ ընդունեց երեկ քննարկված նախագծերն, այդ թվում նաեւ «Տեղական հանրաքվեի մասին», ՄԻՊ-ի մասին եւ օպերատիվ հետախուզության մասին ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքները:
Հիշեցնենք, ՍԴ դատավորի համար Ընդհանուր ժողովն առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Քվեարկությունը կայանալու է այսօր, ժամը 11.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ