Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթել է անկախ մտածելակերպը

Հունիս 13,2018 10:06

Շատ բնական է, որ այն, ինչ հայաստանցիների հիմնական զանգվածին դուր է գալիս, ես վերապահումով եմ ընդունում: Եվ հակառակը: Օրինակ՝ իշխանություն դառնալուց հետո հեղափոխական հռետորաբանությունն ինձ պատեհ չի թվում, բայց մեծամասնությանը դուր է գալիս՝ նախկինում կուտակված բացասական էներգիան առայժմ չի պարպվել: Իսկ ահա կառավարության, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ քայլը՝ անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակի, ըստ երեւույթին, շատերին դուր չի գալիս: Բայց դրականն ինձ համար ավելի կարեւոր է, քան բացասականը՝ բոլշեւիկյան ճառերը կանցնեն-կգնան, իսկ արժանապատիվ կենսաթոշակը կմնա մեր այսօրվա երիտասարդներին, երբ նրանք թոշակի անցնեն:

Երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջարկեց կենսաթոշակի կուտակային համակարգը, ես դրան կողմ էի՝ հասկանալով, իհարկե, որ այն ժամանակ կառավարության որեւէ ծրագրին կողմ լինելը «թրենդի մեջ չէ»: Բայց բացի իմ անձնական կարծիքն այս սյունակում արտահայտելուց, իմ մասնագիտությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր մարդկանց հետ եւ ներկայացնելու նրանց տեսակետը: Եվ ահա այդ ժամանակ՝ 4 տարի առաջ, ես հարցազրույցներ էի վերցնում այդ ծրագրի դեմ դուրս եկած երիտասարդներից, այդ թվում՝ Մանե Թանդիլյանից եւ Գեւորգ Գորգիսյանից: Նրանք արտահայտում էին տեսակետներ, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց իրենց էությամբ, իրենց մտածելակերպով, ինչպես ասում են՝ «նոր Հայաստանի» ներկայացուցիչներ էին: Ինձ ընդհանրապես թվում է, որ այս հեղափոխությունն իրականացրել են անկախ դիրքորոշմամբ ինքնաբավ երիտասարդները, եւ բացարձակապես կարեւոր չէ, թե այս պահին որ ճամբարում են նրանք եւ ինչպիսի պաշտոններ են զբաղեցնում: Ուրախ եմ, որ Մանեն եւ Գեւորգը հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին:

…Կառավարության նիստում պարտադիր կուտակայինին հակադրվել էր նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, եւ կրկին կարելի է խոսել ընկալումների տարբերության մասին: Եթե Արծվիկ Մինասյանը նախորդ կառավարություններից որեւէ մեկում հակադրվեր «շեֆի» տեսակետին, հասարակության մեծամասնության արձագանքը կլիներ՝ «վախ, Արծվիկ ջան, մեռնեմ դուխիդ, ժողովրդի կողմից խոսեցիր, էն բռնապետ վարչապետն էլ չթողեց ձեն հանես, քո կարծիքն ունենաս»: Հիմա գերիշխող տեսակետը ճիշտ հակառակն է՝ «ախ դու, դաշնակցական, հարմարվողական, ուզում ես դեմ ըլլալով կո՞ղմ լինես, չէ~, էլ քեզ թույլ չեն տալու երկու լարի վրա խաղաս»: Ահա թե ինչ է նշանակում ժողովրդի վստահությունը վայելող եւ չվայելող կառավարություններ: Իհարկե, Արծվիկ Մինասյանի համար ճիշտ կլիներ հակադրվելուց հետո նաեւ հրաժարական տալ: Ինչպես՝ Մանե Թանդիլյանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Պարոն Աբրահամյան,
    Ինձ թվում է դուք հասարակության կարծիքի մասին մի քիչ թերի պատկերացում ունեք այս պահին.
    Համենայն դեպս ես լսել եմ միայն կարծիքներ, որ վարչապետի պահվածքը շատ մոտ էր դիկտատորականի, և ՙՈվ մեզ հետ չէ մեր դեմ է ՚ սկզբունքը բոլորովին ընդունելի չէ:

  2. Հ.Շ. says:

    Շիտակ ձեւը կը լինէր որ, ոչ հանրային կերպով, պաշտօնը ընդունելէն առաջ, Յարգելի Տիկինը վարչապետին հարց տար թէ այդ Օրէնքի ծրագիրը չեղարկուելո՞ւ է, թէ ոչ: Եւ երբ որ ստանար պատասխանը թէ, ոչ, վարչապետը ուզում է այդ Օրէնքը որդեգրել, ապա Տիկինը կը մերժէր պաշտօնը: Որպէսզի վարչապետին խնայէ այսքան արագ արդէն կառավարական առաջին հրաժարական մը: Եւ ի վնաս երկրին, աւելի շեշտակի չդարձնէ քաղաքական անկայունութեան վիճակը:

    Այստեղ կայ, նուազագոյնը, խակութիւն: Հաւանաբար նաեւ, ընդդիմութեան հաճելի եւ զուարճալի հանգամանքներէ ետք՝ լուրջ եւ իսկական գործի յարմարելու դժուարութեան առջեւ ընկրկում, եւ հապճեպ փախուստ:

  3. Չար գայլ says:

    Ոնց եմ սիրում «Ես որ ասու՜՜՜մ էի» ֆորմատի Ձեր գրառումները. ինչպես միշտ՝ բանալի բառը՝ ԵՍ։

  4. Բալաբեկ says:

    Հիմա որ ասեն պարտադիր չէ, բայց ով որոշի մասնակցել, նրա եկամտահարկը ասենք 5-10% ավելի ցածր է լինելու։ Ընտրություն ա չէ? Սկզբունքայիններ, գոհ կմնաք?
    Իրականում տարբեր խմբեր ուզում են քիչ հարկեր վճարեն, ինչը բնական է, բայց սկզբունքներից են խոսում։ 2014թ-ից կենսաթոշակային գումարներ վճարողների վրա չգիտես ինչու իրենց սկզբունքները չեն տարածվում։

  5. Seyran says:

    Հարուստ են այն ժողովուրդները,որոնք կարողանում են իրենց եկամուտի մի փոքր մասը կուտակել՝այս դեպքում կուտակային կենսաթոշակի ձևով,թե չէ մեր ժողովուրդին այլ կերպ չես ստիպի մի փոքր նեղ օրվա համար պահել:Առավե ևս,մայիս ամսվա աշխատավարձը հունվարին արդեն ծախսած ենք լինում…..

  6. Anonymous says:

    Եթե գործընթացները չեն ավարտվել, ճիշտը մնալ և պայքարելն է: Բացի այդ, կառավարության գործունեությունը միայն չի սահմանափակվում կուտակայինով: Բազմաթիվ այլ ոչ պակաս կարևոր խնդիրներ կան լուծելու և հրաժարականներով այդ խնդիրները չեն լուծվի: Հակամենաշնորհային պայքարը ավելի պակաս կարևոր չէ…Ավելին, կառավարության ներսում ձևավորվող այս նոր մշակույթը պետք է զարգացնել: Սերն ու երջանկությունը, առանց հանդուրժողականության, ոչինչ են…

  7. Nara says:

    Այստեղ ինձ թվում է պրոբլեմն ավելի խորն է, մարդիկ ենթագիտակցաբար չեն վստահում բանկային համակարգի ստաբիլությանը (կներեք հայերեն բառը չեմ հիշում), դեռ խորհրդային համակարգի կուտակայինի կորուստը թարմ է մարդկանց հիշողության մեջ…

    • Հ.Շ. says:

      չեն վստահում դրամատնային համակարգի կայունութեան, լաւ. սակայն վստահում են նոր վարչապետին, չէ՞. իսկ նա որ այսքան բուռն կերպով հաւատում է նիւթի առարկայ բարեփոխման, ուրեմն միամի՞տ է… նախկինը չար էր, այս մէկը միամիտ է… իսկ յաջո՞րդը… մինչեւ երբ այսպէս, մինչեւ որ ժողովուրդ մը մի քիչ հետեւի իր պետական ղեկավարութեան, որպէսզի հնարաւոր դառնայ երկիր մը կառուցել… դեռ այստեղ խօսում ենք այդ կառուցման ընկերային երեսի էական հանգրուաններից մէկի մասին՝ թոշակների տարրական համակարգի մը հաստատում…

  8. Ալեքսանդր says:

    փոխելով խաղի կանոնները, 5-5 տոկոսից 2.5-7.5 տոկոս, արդար կլիներ, որ 207 հազար մարդու նախկինում վճարած 5 տոկոսի 2.5 տոկոսը հաշվարկվեր հաջորդ վճարումների համար, իսկ կառավարությունը նրանց փոխարեն ինքը վճարեր այդ նախկին 2.5 տոկոսը: Այդ դեպքում նոր մտնող 80 հազար և նախորդ 207 հազար մարդիկ հավասար պայմաններով կմասնակցեին պարտադիր համակարգին

  9. Ruben says:

    Պարտադիր կենսաթոշակային վճարները (աշխատավարձի 5% -ը) գնում են եվրոպական հիմնադրամներ՝ ֆրանսիական Ամունդի (Amundi) եւ գերմանական C-Quadrat, որոնք կառավարում են Հայաստանի կենսաթոշակային ակտիվները:

    Աֆերիստների հերթական «լափշան» փաթաթում եք զանգվածի ականջին:

Պատասխանել