Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անկեղծ ասեմ, ես չեմ մտածում, որ մեր նշանակումները իդեալական են». Նիկոլ Փաշինյան

Հունիս 13,2018 00:57

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին:

Օգտատերերից մեկը հարցրեց՝ գործարաններ ե՞րբ կբացվեն, վերջապես Մերգելյան ինստիտուտը կվերաբացվի՞՝ վարչապետը պատասխանեց, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ են այնտեղ հավաքված, ըստ էության այդ ինստիտուտը այսօր էլ աշխատում է նոր պրոֆիլով: Այնտեղ ՏՏ ոլորտը զբաղեցնող ընկերություններ են աշխատում. «Այդ ոլորտը լուրջ զարգացում է ունենալու ՀՀ-ում: Դա մեր կառավարության գերակա ճյուղերից մեկն է»:

Հարցին՝ սփյուռքից վերադարձողների համար ի՞նչ նպաստավոր պայմաններ կառաջարկեք, մենք Ֆրանսիայից ուսանողներ ենք ու ուզում ենք վերադառնալ հայրենիք, ունենք բարձրագույն կրթություն՝ վարչապետը պատասխանեց. «Հասկանալի է, որ առաջին հարցը, որ ձեզ պիտի հետաքրքրի, աշխատանք գտնելու հնարավորությունն է: Ես չգիտեմ, դուք արդյոք բարձր տեխնոլոգիաների ոլորտում սովորող ուսանող եք, թե չէ, բայց ՀՀ-ում ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա: Ցանկացած քաղաքացի, ով ունի ՏՏ ոլորտում աշխատելու հմտություն, 100 տոկոսանոց հավանականությամբ կգտնի ՀՀ-ում աշխատանք ու կարող է վստահ լինել, որ այդ իր հմտությունների զարգացման հետ աշխատավարձը կաճի՝ հասնելով շատ բարձր մակարդակների՝ մեկ տարվա ընթացքում 500 հազար դրամ, ընդհուպ 1 մլն դրամ եւ ավելի»:

Վարչապետն ասաց, որ նախկինում երբեք այսքան շատ ներդրողներ չեն հետաքրքրվել Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրությամբ ու հիմա կառավարության խնդիրն է այդ հետաքրքրությունը վերածել ներդրումային բումի: Դրա համար պետք է բարեփոխումներ անեն. «Ամենակարեւոր բարեփոխումներից մեկը ինվեստորի մեկ պատուհանի ներդրումն է: Որեւէ օտարերկրյա ներդրող գալիս է ՀՀ, ցանկանում է ներդրում անի, ինքը պետք է իմանա, որ կա գրասենյակ, իրեն կընդունեն, իր համար կանեն բոլոր գործերը, կբացեն, կգրանցեն իր ընկերությունը, բանակցեն, լիցենզիան հանելու հարցում աջակցեն: Մարդը դիմի գրասենյակին, գնա իր գործերով ու գա իր պատրաստի բիզնես փաթեթը ստանա ու ոչ միայն: Եթե հետագայում որեւէ խնդիր ծագի իր գործունեության մեջ, ինքը իմանա, թե որտեղ է դիմելու: Այսպիսի փոփոխություն անելով՝ մենք պետք է կարողանանք ապահովել նաեւ ներդրումները»:

Մեկն էլ հարցնում էր՝ արդյոք դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին ու ձեզ ճիշտ են զեկուցում: Վարչապետը պատասխանեց, որ 21-րդ դարն է, ինչը չեն զեկուցում, կարող է իմանալ մամուլից, սոցցանցերից: Այնպես որ վստահեցրեց, որ տիրապետում է: Վարչապետ լինելու առաջին ամսվա մեջ, նա ասաց, որ կա մի բարդություն. «Այդ բարդությունը այն է, որ, ըստ էության, ապրիլի 20-ից պետական համակարգը կաթվածահար է եղել, կուտակվել են բազմաթիվ պրոբլեմներ, հարցերի մեծ հեղեղ կա ու ամբողջ օրը տրամադրվում է այդ հարցերի ընթացիկ լուծմանը, որը հսկայական ժամանակ է տանում»: Այնպես որ, նա վստահեցրեց, որ հետագայում ավելի լավ կտիրապետի իրավիճակին:

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվում էր, թե ավիատոմսերի գները, երբ կիջնեն, Իտալիայից ՀՀ տոմսն ավելի թանկ է, քան Իտալիայից ԱՄՆ, իսկ դա տուրիզմի զարգացման համար խնդիր է: Վարչապետը պատասխանեց, որ այդ խնդրով շատ լրջորեն զբաղվում են:

Հարցին՝ կան մեղմ ասած վիճահարույց նշանակումներ, որոնք հիասթափություն են առաջացնում հանրության մոտ, արդյոք դուք տեղյա՞կ եք բոլոր նշանակումներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ եթե նշանակումները տեղի են ունենում իր ստորագրությամբ, իհարկե, տեղյակ է լինում բոլոր նշանակումներից. «Տեղյակ եմ, որ որոշ նշանակումներ հարցեր առաջացնում են: Ընդհանրապես կարծում եմ, եթե անկեղծ ասեմ, ես չեմ մտածում, որ մեր նշանակումները իդեալական են: Մեր նշանակումների վրա բազմաթիվ գործոններ որոշակի ազդեցություն ունենում են, բայց, ընդհանուր առմամբ ես այդ հարցին կվերաբերվեի այսպես՝ ոչ թե …տեսեք, ցանկացած մարդ ինչ-որ պատմություն է անցել, ինչ-որ կենսագրություն ունի, ոչ մի մարդ անթերի չի, ես կառաջարկեմ, որ նշանակումների հետ կապված մենք փորձենք դատել արդյունքներով: Մարդը նշանակվել է, ինչ-որ ժամանակ պետք է շանս տրվի, տեսնենք արդյունքները ինչպիսին են: Օրինակ, ես կարող եմ ասել, որ կային նշանակումներ, որոնց հետ կապված շատ լուրջ աղմուկ-աղաղակ բարձրացավ, բայց գոնե ժամանակը ցույց տվեց, որ այդ նշանակումները արդարացված են եւ այդ մարդիկ շատ պատշաճ եւ բարձր մակարդակով իրենց գործն անում են: Ես չեմ ասի, թե որ նշանակումները նկատի ունեմ, կարծում եմ, ամեն մեկդ այդպիսի գնահատական ունեք»:

Նա հավաստիացրեց, որ աշխատում են հնարավորինս արդյունավետ եւ ճիշտ քաղաքականություն վարել այդ հարցում. «Ընդունում եմ, որ կարող է միշտ չի, որ ստացվում է, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ կատաստրոֆիկ որեւէ բան տեղի չի ունեցել»: Վարչապետը վստահեցրեց, որ եթե կատաստրոֆիկ որեւէ բան սպասվի, տվյալ պաշտոնյային կազատի պաշտոնից:

Օգտատերերը Փաշինյանի հազով էին նորից հետաքրքրվում, նաեւ, թե ինչու է նիհարել: Վարչապետը պատասխանեց, որ հազի խնդրով զբաղվում է, իսկ նիհարելու համար ինքն է ամեն ինչ անում՝ լողով է զբաղվում, հաց չի ուտում, որ նիհարի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նշանակումները պետք է ճիշտ կատարվեն, քանի որ շատ բանով դրանով է պայմանավորված կատարվելիք աշխատանքի արդյունքը: Կոռուպցիայի մասին շատ է խոսվում, բայց մոռացել են հովանավորչության մասին խոսել: Այն շարունակում է ծաղկել մեր երկրում կառավարման բոլոր մակարդակներում: Դա առաջին նախապայմանն է հետագայում կոռուպցիոն երևույթների առաջացման համար: Այս փուլում պետք է առավելագույն ձևով օգտագործել արժանի ու չվարկաբեկված մասնագետներին ու տարիքը պետք է չլինի կարևորագույն գործոնը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930