Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Հարցին, թե խոսում է Մարտի 1-ի մասին, բա ապրիլյան պատերազմի մեղավորները ինչու չեն պատժվում՝ Փաշինյանը պատասխանեց, որ իրավապահ մարմինների գործունեության համար ոչ մի խոչընդոտ չկա, որեւէ քաղաքական արգելք գոյություն չունի. «Ես դա անում եմ ձեր անունից: Մեր ամենակարեւոր ուղերձը իրավապահ մարմիններին, դատարաններին այն է, որ որեւէ սահմանափակում չկա, չի կարող լինել…Սա պատմական շանս է, որ բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ բացահայտվեն, այն հանցագործությունները, որոնց բացահայտումը կապված էր քաղաքական արգելքների հետ, հիմա այդ քաղաքական արգելքները չկան»:
Հարցին՝ ինչու նոր բացահայտումներ չկան, փաստորեն Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը ազնի՞վ են աշխատել՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա որեւէ կոնկրետ անձի մասին խոսել, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քանի դեռ ես ձեր վստահության ուղեգրով վարչապետի կարգավիճակում եմ, համոզված եղեք, որ իրավապահ մարմինները պատշաճ ձեւով կաշխատեն եւ բնականաբար, ինչպես հանրությունը, այնպես էլ ես նրանց գործունեությունից պիտի սպասենք կոնկրետ արդյունքների եւ այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանների: Ես հույս ունեմ այդ պատասխանները կհնչեն ու քանի դեռ այս մթնոլորտը հաստատված է ՀՀ-ում, մենք պետք է, իհարկե, տեսնենք ու ունենանք կոնկրետ արդյունքներ, որովհետեւ այլ տարբերակ պարզապես չկա:
Հարցին՝ մինչեւ ե՞րբ մենք պիտի զոհեր ունենանք Ղարաբաղում, ի՞նչ կարող ենք անել, որ հայ չզոհվի՝ Փաշինյանը պատասխանեց, որ հնարավոր ամեն ինչ անում են՝ մեր զինվորների կյանքը պաշտպանելու համար:
Օգտատերերից մեկը խնդրում է վարկերի հետ կապված ինչ-որ բան անել: Փաշինյանն էլ հիշեցրեց, որ կառավարության երեկվա նիստում նման որոշում ունեն:
Մի քաղաքացի էլ բողոքում է, թե՝ դուք ասել էիք, որ նկարահանող սարքերը չեն աշխատում, բայց բազմաթիվ վարորդների մեծ տուգանքներ են եկել, ի՞նչ անենք: Վարչապետն էլ պատասխանեց, որ իրենք միայն քննարկել են տեսախցիկների եւ արագաչափերի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի կայացվել:
Նա ասաց, որ մինչեւ այս ամսվա վերջ հուսահատ պարտքերի համաներում կանեն. «Նաեւ կքննարկենք, որոշում կկայացնենք խախտումների համար իրականացվող տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի տուգանքները համահունչ լինեն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերին ու եկամուտներին: Արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը պետք է համապատասխանեցվի ՀՀ աշխատավարձերի ու եկամուտների ընդհանուր տրամաբանությանը եւ չի կարող այդ տրամաբանությունից դուրս լինել: Եթե կան ինչ-որ անտրամաբանական տուգանքներ, կարծում եմ ճիշտ կանեք, որ բողոքարկեք այդ որոշումները, որ հնարավորություն ունենան համապատասխան մարմինները ձեր անտեղի տուգանքները զրոյացնելու»:
Նա ասաց, որ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ամենատարածված տուգանքները հոծ գիծ տրորելու համար էր ու այդ տուգանքները չեն նշանակվի. «Եթե նշանակել են, դիմեք պետավտոտեսչությանը»:
Հարցին՝ հանքերի ստուգումը սկսե՞լ եք՝ վարչապետը պատասխանեց, որ տեսչական մարմինների կարգավիճակի փոփոխություններ են տեղի ունենում եւ առաջիկայում այդ ստուգումները պաշտոնապես կսկսվեն. «Բոլոր դեպքերում հանքերի շահագործումը պետք է միջազգային ստանդարտների բարձրացնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ