«Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունն օրերս ահազանգ է ստացել Աջափնյակ թաղամասի Աշտարակի 2 բ հասցեից ու տեղում գտել մոտ մեկ տարեկան շան, որը քայլելու հետ խնդիրներ ունի:
«Մեզ ահազանգողները նշել էին, որ շունը, հավանաբար, մեքենայի տակ է ընկել, սակայն նրան կլինիկա բերելուց ու ռենտգեն անելուց հետո պարզվեց, որ կենդանուն կրակել են ու պարկուճը դիպել է հենց ողնաշարին, ինչի հետևանքով էլ նա հենաշարժողական լուրջ խնդիրներ ունի ու այլևս չի կարողանա ինքնուրույն քայլել», – պատմեց «Փոուզիթիվի» համահիմնադիրներից Աննան:
Սա կենդանու հանդեպ հրազենի կիրառման առաջին դեպքը չէ Երևանում, առավել ևս` Հայաստանում և, հավանաբար, կլինի նաև ոչ վերջինը, քանի որ Հայաստանում «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք չկա:
Փոխարենը կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժն ամրագրված է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը):
Այն նախատեսում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Ուշագրավն այն է, սակայն, որ ՀՀ-ում հրազենի միջոցով ոչնչացված, պարզապես «զվարճանալու» համար խեղված, այրված կենդանիների մասին ոլորտի հասարակական կազմակերպությունների, կամավորների կողմից բազմաթիվ ահազանգների պարագայում նույնիսկ` վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի այս կետի կիրառման որևէ նախադեպ դեռևս չի գրանցվել:
Այսինքն կենդանուն սպանելու կամ խեղելու համար որևէ մեկը, երբևէ Հայաստանի Հանրապետությունում պատիժ չի կրել:
Աննայի խոսքով` հրազենով վիրավորում ստացած կենդանի գտնելու դեպքում կենդանասերները փորձում են դիմել ոստիկանություն` հղում անելով գոնե քաղաքացիներին պաշտպանող իրավական ակտի վրա, ըստ որի` բնակավայրի տարածքում հրազեն կիրառելու հստակ թույլատրելի հեռավորություն կա:
Այսինքն, եթե նույնիսկ հանրության ու իրավապահների համար միևնույն է, որ կենդանուն կարող են պարզապես կրակել, միևնույն չլինի այն, որ հրազենի հասանելիություն ունեցող ցանկացած մեկը, ցանկացած ժամի կարող է գալ ու կրակել, ասենք, իրենց շենքի բակում: Բայց` ապարդյուն:
Այս դեպքում ևս կենդանասերների կողմից ոստիկանությունում գրված բազմաթիվ դիմումներն անարձագանք են մնում` պատճառաբանելով, որ կենդանուն կրակողին ոչ ոք ոչ տեսել, ոչ էլ լսել է:
Կառավարության փոփոխությունից հետո ոլորտի ՀԿ-ների ու կամավորների մոտ հույս արթնացավ, որ ի վերջո կսկսվի «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքի նախապատրաստման ու հետագայում ընդունման գործընթացը, հակառակ դեպքում ոչ միայն կշարունակվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքն ու հրազենի անկառավարելի կիրառումը, այլև չի լուծվի թափառող կենդանիների խնդիրը:
Ապացուցված է` ոչնչացման դեպքում տեսակի մոտ առաջանում է ինքնապահպանման բնազդ, ինչի հետևանքով կենդանիների թիվը կտրուկ աճում է: Կենդանասերները բազմիցս նշել են` խնդրի լուծման միակ տարբերակը մասսայական ստերջացումն է, ինչը նախ կենդանուն կդարձնի հասարակության համար անվտանգ և ժամանակի ընթացքում կհանգեցնի թափառող կենդանիների թվի կտրուկ կրճատման:
«Այս առումով մենք էլ հույսեր ունենք: Կենդանիների պաշտպանության օրենքի անհրաժեշտության վերաբերյալ արդեն նամակներ ենք գրել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ փոխվարչապետ` Տիգրան Ավինյանին: Դեռևս արձագանքներ չունենք»,- ասաց Աննան:
Ինչ վերաբերում է պետական առումով ոլորտի կարգավորմանը, վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացված տենդերների արդյունքում թափառող կենդանիների հարցերով զբաղվելու ոլորտը մոտ 10 տարի «մոնոպոլիզացրած» «Յունիգրաֆ-իքս» կազմակերպության ֆինանսական յուրացումների մասին լուրը:
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի քաղաքապետարանի մրցույթին մասնակցած ու հաղթած նույն՝«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, թափառող կենդանիների խնդրի կարգավորման համար տարեկան ստացել է մոտ 100 միլիոն դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա։ Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:
«Յունիգրաֆ-իքս»-ի գործունեության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
«Այս առումով ուզում եմ շեշտել, որ «Յունիգրաֆում» նշված յուրացումները գտել են միայն կերի գնումների առումով: Բայց նույն կազմակերպությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են պայմանագրով: Նրանք անհրաժեշտ քանակությամբ շների չեն ստերիզացրել ու վերադարձրել նույն տեղեր: Բացի այդ դեպքեր են եղել, երբ փողոցից վերցրել ենք իրենց կողմից իբրև թե ստերջացրած կենդանու ու տեսել ենք, որ շատ վատ վիճակում է` պարզապես փորը բացված է ու բաց թողած: Այնպես որ այս ուղղությամբ էլ, եթե ուսումնասիրվի կազմակերպության գործունեությունն, էլ ավելի մեծ յուրացումներ կհայտնաբերվեն», – ասաց Աննան:
Վերադառնալով հրազենի կրակոցից խեղված, վերևում նշված շան դեպքին: Այս պահին կենդանին չափազանց հյուծված է ու նրա բուժման, հնարավորինս վերականգնման համար «Փոուզիթիվի» կամավորներն աջակցության կարիք ունեն:
Ցանկության դեպքում կարող եք դիմել կազմակերպությանը:
Մամուլի հաղորդագրություն