Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես դարձա առաջին իշխանության քավության նոխազը»

Հունիս 13,2018 14:30

Ասում է Վանո Սիրադեղյանի գործով ցմահ
ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը

Արդարադատության նախարարությունը թույլատրել էր հանդիպել ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հետ: Արմենը քրեակատարողական հիմնարկում գտնվում է 22 տարի: Նա հունիսի 6-ից հայտարարել է անժամկետ հացադուլ, եւ ասում է՝ լուրջ է տրամադրված:

«Ինձ չէր հասնում մահապատիժ: Բողոքս Բաղրամյան-26-ից թելադրված դատավճռի դեմ է: Ես չեմ ուզում վերանայվի գործս, այլ՝ դատավճիռը»,- հանդիպմանս ժամանակ ասում է Արմեն Տեր-Սահակյանը:

Ըստ նրա, իր այս քայլը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցրած խոսքով, թե՝ օրենքի տառով ենք աշխատելու:

«Ինձ օգնություն պետք չէ: Աշխարհում չի կարող լինել մի դատախազ, մի դատավոր, մի փաստաբան, որը կասի, թե ինձ մահապատժի դատապարտելը բխել է գործող օրենքի տառից: Եթե գտնվի այդ մեկը, ես կշարունակեմ նստել»,- ասում է դատապարտյալը:
Ըստ նրա, իրեն մեղսագրված սպանություններին «հանցակից» չի եղել, ներկա չի գտնվել, ոչ մասնակցել է, ոչ էլ ֆիզիկապես կազմակերպել է. «Թաքցնելու համար ինձ տվել են պատժի առավելագույն չափ՝ մահապատիժ», եւ նաեւ իր չարածի՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար:

Դատապարտյալի գնահատմամբ՝ 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը իրեն դնելով դատարանի տեղը, մահապատիժը փոխարինեց ցմահ ազատազրկում պատժատեսակով: 15 տարի հետո, երբ հնարավոր էր դիմել վաղակետ ազատման համար, այդ ժամկետը դարձավ 20 տարի: Այդ հրամանը պետք է չեղյալ համարվի: Եվ դատապարտյալի պահանջներից մեկը նաեւ դա է:

Դատապարտյալի տեղեկացմամբ, 2003- 2011թթ. 60 անձ դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 2011-2018թթ.՝ 5: «2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը 42 մահապատժի դատապարտյալներիս շնորհեց «ներում»՝ մահապատիժը փոխարինելով ցմահ ազատազրկում դատապարտմամբ՝ օրենքով նախատեսված 15-20 տարվա փոխարեն։ Եթե հիշում ես, «ներումից» հետո մենք՝ 42 մահապատժի դատապարտյալներս, հայտարարեցինք հացադուլ, որից հետո մեզ հետ հանդիպման եկած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պատգամավորները, իրավաբանները խոստացան լուծում տալ, ուղղել այդ սխալը: ՔԿՀ այցելած Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լ. Ալավերդյանը նույնպես արձանագրեց օրենքի կոպիտ խախտում»,- հիշեցնում է զրուցակիցս:
Ի դեպ, ցմահականների հետ հանդիպման եկած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես ասել էր՝ կքննարկվի հարցը, մասնավորապես, փոխելով 15-20 տարվա ազատազրկմամբ։

«Ինչո՞ւ չվերանայվեց գործս, կարող է ինձ 16 տարի էր հասնում, մեկին՝ 17 կամ 20: Ինչպես պատահեց, որ հինգ հոգի են վերջին տարիներին, նրանց ճիշտ են դատել, մեզ՝ սխալ: Ես քաղբանտարկյալ եմ ինձ համարում: Իմ նկատմամբ կատարվածը եղել է 2002-2004թթ.-ին, երբ երկիրը գտնվել է պատերազմի մեջ: Հաշվի պետք է առնել, թե հանցագործությունը ո՞ր ժամանակ է եղել»,- ասում է Արմենը:

Ես հարցրեցի, թե ամիսներ առաջ նրա վաղակետ ազատման դիմումը մերժվեց, հնարավոր է հացադուլը դադարեցնի, եւ դիմի նորից այդ հարցով, Արմենը պատասխանեց. «Վաղաժամկետ հասկացությունը վաղուց Հայաստանում չի գործում: Ունեմ երկու խրախուսանք, չունեմ կարգապահական որեւէ տույժ, վերջին հինգ տարում պարտքուպահանջ: Աբսուրդ է, հիսուն տարեկան մարդու դիմումը մեկ տարով հետաձգում են, պատճառ բռնելով, թե սպորտ դահլիճից չեմ օգտվում: Երկրորդ անգամ հանձնաժողովը խոսեց հետս, Աստծո պարտականությունը վերցնելով իրենց վրա, գրեցին՝ հավատ չի ներշնչում: Դանդաղ մահվան եմ դատապարտված: Արդեն քսանվեց ցմահական մահացել է»,- շարունակում է զրուցակիցս:

Հիշեցնեմ, որ Արմեն Տեր-Սահակյանը դիմել էր երկրորդ նախագահին, որպեսզի ի կատար ածեն իր մահապատիժը, դրանով իր անհամաձայնությունը հայտնելով «ներման» անվան տակ իրականացված հրամանին:

Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է հանդիպում արդարադատության նախարարության, գլխավոր դատախազության, ՄԻՊ ներկայացուցիչների եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
Նրա հարազատները, ցմահ դատապարտվածների հարազատների հետ մտադիր են բողոքի ցույցեր իրականացնել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930