Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդառաջ գնանք մեր մեծ երազին

Հունիս 13,2018 14:00

(Հունիսի 14-ի՝ բռնադատվածների հիշատակման օրվա առիթով)

Այն, ինչ նյութականացված կատարվում է մեզ հետ՝ թե՛ անհատական, թե՛ ազգային մակարդակում, մեր հոգեւորի մեջ վաղուց կատարվածի արձագանքն է ընդամենը:
Մենք մինչեւ այսօր չենք զորում ճշմարտության ծակող, ցավեցնող լույսին նայելով՝ բարձրաձայնել իրողությունը, թե ինչու, ասենք, Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն կատարվեց հատկապես մեզ հետ, երբ կայսրությունում ապրում էին այլ ժողովուրդներ եւս: Չենք զորում ասել, թե ինչու Ռուսական կայսրությունում երեք անգամ փակվեցին հենց հայկական դպրոցները (1885, 1897, 1903 թվականներ), Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբացված, բայց հայերիս համար անիծյալ Նիկոլայ Երկրորդ ցարի հրամանով բռնագրավվեցին Հայ եկեղեցու գույքը եւ կալվածքները. բաներ, որ չէին արվել ո՛չ արաբական, ո՛չ պարսկական, ո՛չ իսկ օսմանյան տիրապետողների կողմից: Այսօր ասելը, որ ռուս-թուրքական 11 պատերազմների ընթացքում, ամեն անգամ, երբ ռուսական բանակն Արեւմտյան Հայաստանում գրավումներից հետո նահանջում էր, թուրքերի կողմից հայերը կոտորվում էին որպես անբարեհույս հպատակներ ու արտագաղթեցվում, եւ ցեղասպանության նախօրյակին սեփական հայրենիքում արդեն դարձել էին փոքրամասնություն, իհարկե կընկալվի որպես Մարիա Զախարովայի ունկի համար անհաճո, ուստի եւ՝ քաղաքականապես ոչ գրագետ:

Գուցե պե՞տք է շարունակել լռել, որ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը հորինեց հենց ռուս արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկին, որը թուրքերը գյուտ համարեցին իրենց համար: Իսկ այն, որ մենք միամտորեն կարծել էինք, թե ռուսական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից հետո գոնե ինքնավարություն կշնորհի մեզ՝ ռուս-թուրքական ամեն պատերազմում իր կողմն անցնելու եւ չարաչար պատժվելու մեր անուղղելիության դիմաց, միֆ էր, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն, ինչպես Չարենցը կասեր: Քանի որ դեռ 1915-ին ռուսական զորքերը մի քանի անգամ անիմաստ, ոչ անհրաժեշտ նահանջներ արեցին, մինչեւ որ թուրքերին եւ քրդերին հաջողվեց հայերից լիովին դատարկել Արեւմտյան Հայաստանը, որոնց փոխարեն Ռուսաստանից արդեն բերվում էին մեկ միլիոնից ավելի ռուս վերաբնակիչներ՝ այնտեղ բնակեցնելու համար: Ի դեպ, նաեւ քրդերով մեր բնօրրանը բնակեցնելու եւ նրանց հետ բանակցությունների մասով մեր լուսեղեն Արամ Մանուկյանի եւ ռուս գեներալների հետ բանակռիվն ուղղակի սահմռկեցուցիչ է:

Ռուսական իշխանություններն ամբողջ Հարավային Կովկասով մեկ դեռ 1905-1906թթ. հրահրեցին հայ-ադրբեջանական արյունալի ընդհարումներ, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր. դա լայնորեն արձանագրվել է հենց ժամանակի ռուսահայ մամուլում, եւ չարժե որ մենք հիշողություն չունեցողներ դառնանք, ինչպես կասեր պարոն Վ. Պուտինը: Հիշողությունն առանց փորփրելու էլ դեռ մխում է այն վիրավորանքը, որ հրահրելով հայ-ադրբեջանական ընդհարումները, ավելին՝ հայերի դեմ մասնակցելով գազանություններին՝ ռուսական զորքերն ամենախիստ կերպով պատժում էին հենց հայկական գյուղերը՝ ռմբակոծելով, գնդակահարելով, բանտարկելով, ծեծելով, բռնաբարելով: Եթե որեւէ մեկը կասկածում է, որ դրանք իբր ընդամենը դիպվածային բաներ են եղել, կարող ենք հատ-հատ ցույց տալ ժամանակի մամուլը, գրքերը:

Մի՞թե վատ բան կա, երբ հիշում ենք, որ ցարիզմի հրահրած հայ-ադրբեջանական բախումների մեղադրանքով ձերբակալվեց մինչեւ իսկ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը եւ ապրանքատար վագոններով Սանկտ Պետերբուրգ՝ դատվելու քշվեց 195 արեւելահայ մտավորականների ու գործիչների հետ՝ միայն 5-ով պակաս այն 200 արեւմտահայ մտավորականներից, որոնց հետ նույն կերպ վարվեցին երիտթուրքերը, որը մենք իրավացիորեն չենք մոռանում: 100 տարի անց մորմոքվում ենք, որ Վարուժանի ու Սիամանթոյի պես մարդիկ գերեզման չունեցան, իսկ որեւէ մեկը կարո՞ղ է ցույց տալ Խաչատուր Աբովյանի կամ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Եսայանի… գերեզմանները:
Թվում էր ցարիզմի մահվան հետ պետք է մեռներ նաեւ կայսերական հակահայկականությունը, բայց՝ ոչ: Մեր առաջին հանրապետության ամենալուսավոր դեմքերը կա՛մ ոչնչացվեցին ու աքսորվեցին, կա՛մ տարագրվեցին արտասահմաններ, մինչդեռ հարեւան ադրբեջանցիների ու վրացիների հանդեպ այդ նույն անհանդուրժողականությունը չեղավ: Ավելին՝ 1930-ականներին մենք բազմապատիկ ավելի զոհեր տվեցինք կոմունիզմի երախին, քան ադրբեջանցիներն ու վրացիները միասին վերցրած:

Իսկ 1949թ. հունիսի 14-ի Մեծ աքսորի ժամանակ Հայաստանից հեռացվեց ավելի քան 50 հազար հայ, որքան էլ մերօրյա կգբշնիկները փորձեն չքմեղանալ: Ընդհուպ մինչեւ չարիքի կայսրության՝ ԽՍՀՄ-ի փլուզումը հակահայ քաղաքականությունը շարունակվեց՝ քաղաքականապես հասուն մարդկանց ոչնչացնելով ու բանտարկելով, այնպիսի պայմանների ստեղծմամբ, որոնց պատճառով հայերը ստիպված հեռանում էին Հայաստանից, իսկ վերջում՝ «Կոլցո» օպերացիաներով: Իհարկե, ցավալի է խոստովանել, որ կոմունիստների մուտանտների իշխանությամբ այդ քաղաքականությունը չդադարեց նաեւ Երրորդ հանրապետության առնվազն վերջին քսանամյակում:

Մերձբալթյան երկրները, Ուկրաինան, նույնիսկ Ռուսաստանը նշում են բռնադատվածների հիշատակի օրը. դա մեզ համար հունիսի 14-ն է: Նախկին ԽՍՀՄ-ում չկա ավելի բռնադատված որեւէ այլ ժողովուրդ, քան մենք՝ հայերս: Այդ օրը պետականորեն հիշատակելը սրբազան պարտքի պես մի բան է, մանավանդ այժմ, երբ սովետամիտ մնացորդներից իշխանություններն օրեցօր մաքրվում են, իսկ գրեթե երկհարյուրամյա հայաթափության կործանարար անիվը շրջելը՝ մեծ հայերնադարձությունը, հռչակված է որպես պետական քաղաքականություն, որպես երազանք: Ուրեմն ընդառաջ գնանք մեր մեծ երազին:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ»

12.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930