Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է կապում լիբանանահայ երաժիշտ Սեւան Ղարիբյանին ու Նիկոլ Փաշինյանի «կտրված» ձայնի բժշկին

Հունիս 13,2018 13:30

Վերջերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ երեկո՝ նվիրված երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Աճեմյանի հիշատակին: Իրենց մասնակցությունն էին բերել նաեւ պրոֆեսորի ամուսնու՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դասարանի ուսանողները: Առաջին անգամ հնչեց ու միանգամից հանդիսատեսին գրավեց Սեւան Ղարիբյանի «Դայք եւ պայիկք» («Փերիներ») դաշնամուրային վեց պատկերները եւ բարիտոնի ու դաշնամուրի համար գրված «Ցոլք» ստեղծագործությունը: Երկու դեպքում էլ ռոյալի մոտ էր հեղինակը: «Առավոտը» Սեւան Ղարիբյանին ներկայացրել է տարեսկզբին (19.01.2018): Հիշեցնենք, որ նա ուսանում է նաեւ օպերային սիմֆոնիկ դիրիժորություն, դոցենտ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Հարցին՝ ե՞րբ կլսենք նրա այլ երկերը նույնպես, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ձայնագրել եմ եւ տեղադրել YouTube-ում «Պիես լարային քառյակի համար», սոպրանոյի եւ դաշնամուրի համար «Լուսընկա գիշեր», դաշնամուրի համար «Առեղծված» եւ ջութակի ու դաշնամուրի համար գրված «Ֆանտազիա» ստեղծագործություններս»: Ժպիտով էլ հավելեց. «Կարծում եմ՝ շտապել հարկավոր չէ, Երեւանում ուսումնառությանս շրջանում վարպետության դասընթացների եմ հաճախել ջութակահարներ, Շվեյցարիայից Սերգեյ Օստրովսկու, ԱՄՆ-ից Անի Կավաֆյանի, Բելգիայից կոմպոզիտոր Կլոդ Լեդուի մոտ, ներկա եմ գտնվել ճապոնացի ջութակահար Ակիկո Սուվանայի, կանադաբնակ կոմպոզիտորներ Վահրամ Սարգսյանի, Ժան Սարգսյանի դասընթացներին եւ այլն: Դիրիժորության գծով ուսումնասիրել եւ ղեկավարել եմ առայժմ ռոյալի ընկերակցությամբ Չայկովսկու առաջին, Հայդնի Լոնդոնյան, Պրոկոֆեւի Դասական եւ Շուբերտի Անավարտ սիմֆոնիաները»: Նշենք, որ երաժիշտը ծնվել է Երեւանում, տասը տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Լիբանան, ուսանել է Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» քոլեջի ջութակի դասարանում, հետո՝ Բախի անվան երաժշտական ինստիտուտում:

Սեւան Ղարիբյանն ու բարիտոն Գոռ Սալնազարյանը ելույթի պահին:

Զրույցին ներկա էր երիտասարդի հայրը՝ լորինկոլոգ Ավետիս Ղարիբյանը, որը, ըստ մեր տեղեկությունների՝ բժշկական օգնություն է ցուցաբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ընդամենը հաստատեց ասվածը, նշեց, որ դա վաղուց էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետը բուժում է ստանում մեր հայրենակից, ճանաչված ֆրանսահայ Գեւորգ Աբգարյանի մոտ, շեշտելով, որ վարչապետը իսկապես վստահելի ձեռքերում է:

Հարցին՝ ինչպես եղավ իր ընտանիքի հայրենադարձությունը, մեր զրուցակիցը ներկայացրեց հետեւյալը. «1990թ. Լիբանանից եկա Հայաստան, ուսանեցի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Այդ ընթացքում ծանոթացա ապագա կնոջս՝ մասնագիտությամբ բանասեր Նարինեին, լույս աշխարհ եկան մեր երկու որդիները եւ հետո արդեն ընտանիքով վերադարձա ծննդավայրս: Այդ ընթացքում վերապատրաստման նպատակով մեկնել եմ Փարիզ, իսկ ընտանիքով վերջնական Հայաստան եկանք 2002թ.: Նպատակս էր գիտելիքներս գործածել հայրենիքում: Այստեղ առաջին տարիներին դա ստացվում էր, վկան՝ հիվանդներիս շնորհակալական խոսքերն էին: Հիմա շուրջ տասը տարի է՝ ինչ չեմ աշխատում: Իհարկե, դա իր պատճառներն ունի, որոնց մասին չեմ բարձրաձայնի… Բայց մի բան կասեմ. պատրաստ եմ քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական հմտություններս անվճար ծառայեցնել դրա կարիքն ունեցողներին»:
Ասում են՝ Երեւանի օպերային թատրոնում մինչեւ 1980-ականները աշխատել է լորինկոլոգ Արմեն Վարդանյանը, որն առաջին մասնագիտությամբ ջութակահար էր: Հավաստիացնում են, թե Խորհրդային Միության օպերային թատրոններից, այդ թվում՝ Մոսկվայի Մեծ թատրոնից, Երեւան՝ Արմեն Յակովլեւիչի օգնությանն էին դիմում անվանի շատ երգիչներ: Փաստորեն շուրջ 40 տարի է՝ ինչ մեր թատրոնում այդ աշխատատեղը թափուր է: Այս առիթով մեր զրուցակից Ավետիս Ղարիբյանն ասաց, որ անկասկած, պատրաստակամ է հարկ եղած դեպքում օգնել մեր արվեստագետներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հայր եւ որդի Ղարիբյանները:

«Առավոտ»

12.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930