Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն անցած տարեվերջին քվեարկությամբ ընդգրկվել էր 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ, արդեն երեք ամիս է, ինչ պայմանագրով գտնվում է ԱՄՆ-ում: Նա մարզվում ու հանդես է գալիս «Վելո Փասադենա» սիրողական ակուբում, որը ղեկավարում է մեր հայրենակից Հրաչ Գեւրիկյանը: Այս ընթացքում Էդգարը մասնակցել է մի շարք մեկնարկների՝ սիրողական, կիսապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ, որոնցում հաղթել է կամ մրցանակային տեղեր զբաղեցրել:
Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմում է, որ Հրաչ Գեւրիկյանը եւ մեր մյուս հայրենակիցը՝ Մեսրոպ Շաբոյանը, իր սանին ամեն բանով սատար են կանգնում՝ սկսած խճուղային եւ հրապարակային հեծանվավաքի համար անհրաժեշտ հեծանիվներից եւ գույք ապահովելուց, ինչը թանկ հաճույք է, վերջացրած սնունդով, մրցումների մասնակցելու հնարավորություն ընձեռելով: Իսկ դա մարզիկի համար մրցափորձ ձեռք բերելու, վարպետությունը կատարելագործելու եւ մարզական կարիերայում առաջընթաց ունենալու բացառիկ հնարավորություն է:
Մարզիչը գոհ է, որ իր սանը հուսախաբ չի անում ակումբի ղեկավարությանը եւ իր հաջող մրցելույթներով արդարացնում է նրանց հույսերն ու սպասելիքները: Նրա խոսքով, այս կարճ ժամանակահատվածում Էդգարը արդեն հայտնվել է ամերիկյան BMC պրոֆեսիոնալ ակումբի ուշադրության շրջանակներում: «Էդգարն այդ ակումբում արդեն առաջին թեստն է հանձնել ու շատ հաջող: BMC-ում մանրազնին հետազոտել են Էդգարի ֆիզիկական եւ հոգեբանական բոլոր տվյալները: Ընդ որում, նրանց հետաքրքրում է, ոչ այնքան Էդգարի նվաճած տեղերը, որքան այն, թե ավելի լավ ու պրոֆեսիոնալ մակարդակի մարզումներ կազմակերպելու դեպքում նա ապագայում ինչ արդյունքներ կարող է ցուցադրել: Հիմա սպասում է երկրորդ թեստին: Եթե դա էլ հաջող հաղթահարի, վստահ եմ, նրան կվերցնեն ու Էդգարն արդեն կմասնակցի ավելի բարձրակարգ մրցաշարերի, որոնցում հանդես են գալիս աշխարհի ամենահեղինակավոր «Տուր դե Ֆրանս» եւ «Ջիրո դ՝ Իտալիա» բազմօրյա հեծանվավազքերի վարպետները», – ասաց Արմեն Գյոզալյանը:
Խոսելով հեծանվորդի հետագա ծրագրերի մասին՝ մարզիչն ասաց. «Այս ամիս Էդգարը ԱՄՆ-ում եւս մի քանի մեկնարկ ունի: Շատերը մտածում էին, թե նա այլեւս չի վերադառնա: Բայց հունիսի 30-ին գալու է Երեւան եւ պարտադիր մասնակցելու է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությանը: Դրանից հետո ծաղկաձորյան հավաքով ես եւ նա կսկսենք նախապատրաստվել Գլազգոյում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որտեղ Էդգար Ստեփանյանը ներկայացնելու է Հայաստանը: Եվրոպայի առաջնությունում նա հանդես կգա օլիմպիական օմնիում մրցաձեւում, որտեղ համաշխարհային դասակարգման աղյուսակում այս պահին 212-րդն է, իր նախասիրած սկրեչում, որտեղ համաշխարհային էլիտայի 18-րդ համարն է, խմբակային վազքում եւ, հնարավոր է, 4 կմ հետապնդումով ձեւերում: Իսկ Գլազգոյից հետո կմեկնենք Իտալիա՝ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն»:
Հարցին, թե 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն տեսնո՞ւմ է, մարզիչը պատասխանեց. «Այս պահին հինգ տոկոսի հավանականություն կա: 2018 թվականին մրցումների դեռ չենք մասնակցել: Ինչ միավոր ունենք, դրանք անցած տարվանն են, որոնք նվազելու միտում ունեն: Դրա համար պետք է մասնակցել մրցաշարերի, բայց ոչ միայն Էդգարով: Այդ մակարդակի միայն մեկ մարզիկ ունենալով վարկանիշ նվաճելը ես իրատեսական չեմ համարում: Պետք է եւս երկու-երեք հեծանվորդ ունենաս, որպեսզի միմյանց փոխարինելով՝ նրանք «փակեն» այդ բոլոր մրցումները: Անհատական վարկանիշից բացի, գոյություն ունի նաեւ երկրի վարկանիշ: Անհրաժեշտ է ոչ միայն անհատականով լինել աշխարհի 24 լավագույնների մեջ, այլեւ վաստակած միավորներով տեղ ունենալ առաջին 24 երկրների շարքում: Սկրեչում կարող ենք մասնակցել աշխարհի գավաթի փուլերին, իսկ օմնիումի համար հարկավոր է Շոտլանդիայում եւ Իտալիայում լավագույն արդյունքներ ցույց տալ: Թե դրանց չափորոշիչները որո՞նք կլինեն, այս պահին դժվար է հաշվարկել: Այնուամենայնիվ, այդ մրցումներում բարձր տեղեր զբաղեցնելը կարեւոր է: Եթե աշխարհի գավաթի առաջին փուլում շատ մասնակիցներ չհավաքվեն, անցումային այդ փուլը հաղթահարելու հնարավորություն կարող է ընձեռվել»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
12.06.2018