Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Բնականաբար, հարց եղավ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ու Փաշինյանը բացատրեց, թե ինչու են գնացել այդ որոշմանը. «Կա ուրիշ տարբերակ, օրինակ, կանգնեցնելու կուտակայինի գործունեությունը, բայց առաջ է գալիս մի պրոբլեմ, մենք բախվում ենք կուտակայինի ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդրի հետ:
Մենք որեւէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց չենք վախենում, բայց Եվրոպայում նրանք բարձր հեղինակություն ունեցող գործիչներ են եւ երբ մենք նրանց համար չնախատեսված խաղի կանոն ենք փոխում, այդ լուրը շատ արագ տարածվում են աշխարհում, նրանք նույնպես հոգ են տանում, որ այդ լուրը տարածվի եւ ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար պրոբլեմներ կան:
Այս պայմաններում մեզ համար շատ դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսվարողների հրավիրել Հայաստան, երբ որ մենք խաղի ընթացքում խաղի կանոններ ենք փոխում՝ արդեն գործող տնտեսվարողների համար եւ այդ մեսիջը շարունակում է գնալ, որ ա՛յ՝ Օրանժը եկավ ու փակվեց, թողեց գնաց, Քարֆուրը եկավ Հայաստան, փոքրանում-փոքրանում է եւ մեծ պրոբլեմներ ունի, մյուս ընկերությունները ունեն: Այս պայմաններում մենք շատ նեգատիվ ազդակներ ենք տալիս, էլ չեմ ասում համակարգը ընդհանրապես կասեցնելու պարագայում: Այդ ժամանակ այդ ազդակները առավել նեգատիվ են լինելու»:
Իսկ թե ինչ տարբերակ են իրենք առաջարկում՝ վարչապետն ասաց. «Մենք ասում ենք, որ եթե նախկինում կուտակային պարտադիր վճարի 10 տոկոսի 5 տոկոսը վճարում էին պետբյուջեն՝ պետությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին, հիմա մենք առաջարկում ենք, որ քաղաքացին վճարի 2,5 տոկոսը, պետությունը վճարի մնացած 7.5 տոկոսը: Սա նշանակում է, որ այն 207 հազար քաղաքացիները, որոնք մինչեւ հիմա վճարում էին, հիմա հուլիսի 1-ից հետո սկսելու են մոտավորապես 5 հազար դրամ ավելի պակաս վճարել:
Ստացվում է, որ մենք այս որոշմամբ մոտավորապես 207 հազար քաղաքացիների աշխատավարձը մինչեւ 5 հազար դրամով ավելացրել ենք, իսկ նրանք, ովքեր նոր պետք է մտնեն կուտակային համակարգի մեջ, նրանք էլ մոտ 3500-5000 դրամ պակաս են վճարելու կուտակային համակարգի համար: Կա՞ արդյոք այստեղ սահմանադրականության խնդիր: Այդ խնդիրը մենք կառավարության նիստում էլ քննարկեցինք, որ կա ՍԴ որոշումներ, որոնք նաեւ մեր նախարարներից երկուսի կարծիքով չեն կատարվել կամ ամբողջական չեն կատարվել: Հիմա մենք ի՞նչ ենք ասում՝ մենք այս որոշումն ընդունենք, որ կառավարության պատճառով ցնցումներ չլինեն եւ ասում ենք՝ գնանք, հետեւենք, ստուգենք, թե ինչքանով են կատարվել այն որոշումները, որոնք կուտակային համակարգի վերաբերյալ կայացրել է սահմանադրական դատարանը»:
Նա ասաց, որ այս որոշումը կայացրել են, որ հասկանան խնդիրը, եթե երկու-երեք ամսից կպարզվի, որ դա չի կարող լինել, որովհետեւ հակասահմանադրական է, որեւէ ողբերգություն չկա. «Բոլոր գումարները ՀՀ քաղաքացիները մինչեւ վերջին կոպեկը կարող են հետ ստանալ: Այդ գումարները կան, գոյություն ունեն ձեր անձնական հաշիվներում: Եթե համակարգը որոշակի բարեփոխումների արդյունքում կարող է գործել եւ տեսնենք, որ ինքը հուսալի է, մենք կշարունակենք այդ բարեփոխումները՝ նրբությունները ճշտելուց հետո»:
Վարչապետը վստահեցրեց, որ սա բխում է ժողովրդի շահերից. «Եթե կանգնացնենք ու պարզվի, որ պետք է հետ բերել համակարգը, մենք այնքան կորուստներ կունենանք, որ այդ համակարգն ուղղակի քարուքանդ կլինի»:
Փաշինյանն ասաց, որ կուտակային կենսթոշակային համակարգի ամբողջ իմաստն այն է, որ մենք ունենանք գումար, որը չկարողանանք ծախսել մինչեւ թոշակառու դառնալը: Վարչապետն ակնարկեց, որ հայերը խնայողություններ անող չեն, ծախսող են ու եթե այդ գումարն իրենց մոտ մնա, կծախսեն. «Եկեք մտածենք, որ մեր առաջիկա կնունքին, ծնունդին կհանենք կծախսենք, մենք չենք կարողանում գումար հետ գցել եւ գումար կուտակել, ընտանիք է, հազար ու մի առիթ կա, շատ հեշտությամբ այդ գումարները ծախսում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ