Լրահոս
Օրվա լրահոսը

Գործողությունների ծրագիրն ուղղված է հասուն ժողովրդավարության փուլ թևակոխած Հայաստանի ապագային

Հունիս 12,2018 20:11

Հունիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստը, որի նպատակն էր ամփոփել և գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ապահովման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտների բարեփոխումներին ուղղված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալ հաջորդ փուլի՝ ուրվագծվող 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթ ուղղություններին։

Քննարկումներին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ԵԽ Քարտուղարությունում և ԵԽ Երևանի գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուներ:

Իր ելույթում Կարեն Նազարյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար նախատեսված Գործողությունների ծրագիրն էական դերակատարություն ունի երկրում ժողովրդավարության արմատավորման, հիմնարար ազատությունների երաշխավորման գործում։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց ԵԽ փորձագիտական և խորհրդատվական օժանդակությամբ իրագործվող ընդարձակ օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, դատաիրավական ոլորտում։

ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը, ողջունելով ծրագրի բաղադրիչների արդյունավետ կատարմանը միտված ՀՀ կառավարության քաղաքական կամքը, ընդգծեց, որ Գործողությունների ծրագիրն ուղղված է հասուն ժողովրդավարության փուլ թևակոխած Հայաստանի ապագային:

Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ներկայիս Գործողությունների ծրագիրն ավարտին հասնելու և հաջորդ՝ 2019-2022թ. քառամյա ծրագիրը ևս արդյունավետորեն իրագործելու ուղղությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930