Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հունիսի 19-ին կառավարությունը խորհրդարան է բերելու մի նախագիծ՝ «Բարեգործության մասին օրենք» անվանմամբ եւ շատ հիասթափվել է. «Կտրուկ հիասթափվեցի, երբ դա համադրեցի միջազգային փորձի հետ եւ այս տիպի երկրների հետ, որտեղ 1 մլն մարդ աղքատ է: Պետք է իմ լուրջ մտահոգությունը հայտնեմ շատ հստակ եւ պարզ:
Պարոն վարչապետ, պարո՛ն Փաշինյան, եթե մի ոլորտի մասին դուք ուզում եք կարգավորում տաք, խոսքը գնում է բարեգործությաՆ մասին եւ հիմնական 90-95 տոկոսը բարեգործության մեր հանրապետությունում կատարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից: Խորհրդակցե՞լ եք դուք Գագիկ Ծառուկյանի հետ: Բարեգործության ամբողջ զամբյուղը իրականացնում է մի անձնավորություն եւ մշտական, որը որեւէ կապ չունի նախընտրական, ընտրական պրոցեսների հետ: Ուսանողներ, ուսման վարձեր, գյուղատնտեսության ոլորտի, խաղողի մթերման եւ դրա հետ շաղկապված մյուս հարցերը՝ բուժանյութեր, պարարտանյութեր…չգիտեմ, ով դիմում է պարոն Ծառուկյանին, մշտապես կանգնած է, սպորտսմենների հետ կապված հարցերը: Ինչ պետք է պետությունը անի, մեծ բեռ պետությունից պարոն Ծառուկյանն է իր վրա վերցրել: Հիմա դուք էդ մարդու հետ քննարկե՞լ եք, որ ոլորտի կարգավորումը կա»:
Մելքումյանը նաեւ ակնարկեց, որ ստուգումները, որ անում են, նորմալ անեն, թե որտեղ մենաշնորհներ կան, ջրի երես հանեն, քննարկեն՝ նշելով, որ իրենք կառավարության մաս են եւ իրենց պարտականությունները կառավարությունում բարեխղճորեն կատարում են. «Մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, համարժեք գործընկերային որակ, այլապես մեր պատկերացրած Հայաստանը կարող է տարբերվի այն Հայաստանից, որը որ դուք եք գնում»:
Մելքումյանը վերջում ձեռքի հետ էլ կուտակայինին անդրադարձավ՝ ասելով, որ իրենք դեմ էին. «Կարելի էր մի հատ խորհրդակցել, ասել՝ լավ, էս պարտադիրի պահը ո՞նց ենք անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ