Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ն հիշել էր իր հրապարակած հայտնի 7 կետերը, որը կազմել էր դեռ 2013-ին:
ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ այդ 7 կետերում հիմնախնդիրներ էին, որոնք լուծելով՝ կարող էին երկրի համար թռիչքային զարգացում ապահովել: Հիմնախնդիրներից էին՝ ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ, բացառել ընտրակաշառքը, պետական վարչական ռեսուրսի կիրառումը, անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը եւ այլն:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել ՀՀԿ-ի հետ եւ բոլոր հնարավորություններն ուներ 7 կետերն իրագործելու:
Կյուրեղյանը նկատեց, որ այս եւ մյուս հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը հստակորեն ձեւավորված են նաեւ այսօրվա գործող իշխանության կառավարության ծրագրում: Բայց ՀՅԴ պատգամավորը մտավախություն ունի, որ քաղաքական ուժերը այնուամենայնիվ, էլի ընտրակաշառք կբաժանեն. «Բնական է, որ քաղաքական ուժերը փորձելու են քարոզարշավի նոր մեթոդներ կիրառել, ինչպես նաեւ հին մեթոդները նոր փաթեթավորումով կիրառել եւ սկսելու են օր առաջ: Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է մերժենք ընտրակաշառքի բոլոր տարբերակները, նաեւ՝ բարեգործության անվան տակ՝ ցուցակներով, ծրարներով օգնություն բաժանելու տարբերակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ