Aravot.am-ը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ նա պատրաստվում է իր PR-ի համար Սիրիա մեկնել։
Հիշեցնենք, որ «Իրատես» թերթն այսօր գրել է. «Ասում են, թե Սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ փիար կըլնի»։
Նախարարը նախ հարցադրում արեց, թե ինչու պետք է մեկնաբանի մամուլում տեղ գտած բոլոր հրապարակումները. «Չեմ կարծում, որ բոլոր հրապարակումներին պետք է արձագանքեմ: Իմ արձագանքը իմ գործունեությունն է, իսկ գնահատականը ոչ թե մամուլը պետք է տա, այլ հանրությունը, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլեւ առհասարակ՝ աշխարհասփյուռ հայությունը»:
Ապա անդրադառնալով Սիրիա մեկնելու լուրերին՝ Մխիթար Հայրապետյանը նշեց. «Ես չեմ հայտարարել, թե որ երկիր եմ պատրաստվում այցելել, այսինքն՝ դեռեւս զերծ եմ մնում այդ տեղեկատվությունը հրապարակելուց: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ես PR եմ անում, ապա կրկնեմ, որ հանրությունն է իմ գործունեությանը գնահատական տալիս»:
Նախարարի խոսքով՝ եթե աշխարհասփյուռ հայությունը կգտնի, որ ինքը թերանում է, ինքը մեծ սիրով կլսի նրանց եւ կաշխատի թերությունները շտկելու ուղղությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ