Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե «այդ ինչպես եղավ, որ կառավարության առանձին անդամներ, ովքեր իրենց քարոզարշավը եւ քաղաքական օրակարգը ձեւավորում էին մի այնպիսի կարեւոր խնդրի վրա, ինչպիսին կուտակային կենսաթոշակային համակարգի լիակատար գործարկումն է եւ հիմա ընդունել են լրիվ հակառակ կեցվածք»:
Պետրոսյանն ասաց, որ իրենք շահագրգռված են կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում. «Բայց եկեք ընդունենք, որ հեղինակությունը շատ շուտ կարող է տուժել, եթե հասարակությունը արձանագրի մի փաստ, որ կառավարության անդամների՝ մինչեւ կառավարությունում հայտնվելը ասվածը եւ կառավարության օրոք ասածը հակասում են իրար: Եթե մի քիչ զարկ տանք մեր հիշողությունը, կհիշենք, որ երբ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին էր խոսվում, հենց կառավարության առանձին անդամներ Սահմանադրական դատարանում իրավացիորեն ընդգծում էին երեք կարեւոր փաստ, առաջինը՝ որ դա հակասում է սոցիալական պետության գաղափարին, իրեն սոցիալական հռչակող պետությունը չպետք է հոգսը դնի քաղաքացիների վրա, երկրորդը՝ պարտադիր կուտակային համակարգով խախտվում է անձի սեփականության իրավունքը, որը Սահմանադրությամբ ամրագրված կարեւորագույն դրույթ է, երրորդը՝ չկար վստահություն ժամանակի իշխանությունների նկատմամբ եւ ժողովուրդը կասկածում էր, որ իր համար բարեկեցիկ կյանք չապահոված իշխանությունը դժվար թե 40 տարի անց կարողանար լավ հատուցել իր ներդրման դիմաց»:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այսօր ժողովուրդը վստահում է կառավարությանը, բայց մյուս երկու հիմնավորումները ուղղակի չեն կարող հերքվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ