Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Աստված տա նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար

Հունիս 12,2018 17:35

Թե՛ ընդդիմություն և թե՛ իշխանություն՝ համազգային հարցերում պետք է լինենք միասնական. Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան

Հայաստանի քաղաքական կյանքի թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը, շարունակում են մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ անվտանգությունն ու արտաքին քաղաքական մարտահրավերները շարունակում են առաջնային մնալ ՀՀ-ի համար:

Նախկինում մենք նշել ենք 5 գլխավոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնենք: Եվ այդ կետերի մեջ անվտանգության և բանակաշինության, ինչպես նաև Արցախի հարցի խաղաղ և հայանպաստ լուծումը մնում են մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը:

Կարող ենք արձանագրել, որ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ խորացումը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում շարունակելով մի շարք ծրագրերի իրագործումը («Ես եմ», «Պատիվ ունեմ»), փաստեց, որ թե՛ անվտանգության թե՛ պաշտպանության և թե՛ արտաքին քաղաքական ոլորտում մեր քաղաքական թիմի քայլերն արդարացված էին և բխում էին բացառապես մեր ժողովրդի և պետության շահերից:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ, անտեսելով այս ամենը, ականատես ենք լինում որոշ ելույթների, որոնք նպատակ ունեն սևացնել ամեն ինչ: Կարծում եմ՝ դիմացինին սևացնելով, նրանք չեն կարող բյուրեղանալ:

Այո՛, մենք ունենք և ունեցել ենք թերություններ, և ես պատրաստ եմ այդ սխալների և չարածների համար մեր ժողովրդից ներողություն խնդրել: Աստված տա նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար:

Հարգելի խորհրդարան, Արցախի հարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Վերջին շրջանում Նախիջևանում զինվորական տեխնիկայի կուտակումը և Արցախում հայ զինծառայողի սպանությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջան պետության ռազմատենչ էությունը: Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ դա սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական բոլոր փորձերը՝ վիժեցնել բանակցային գործընթացը և անտեսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, դատապարտելի են: Կարծում եմ՝միջազգային հանրությունը պետք է հստակ պատասխան տա ադրբեջանցիների ապակառուցողական քաղաքականությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքական ուժերը կարող են ունենալ տարաձայնություններ, բայց համազգային հարցերում մենք պարտավոր ենք լինել միասնական, ընդդիմություն թե իշխանություն՝ հասնելու մեր երազանքների ազատ, անկախ ու ազգային Հայաստանի կառուցմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930