«Հասկանում եմ քննադատությունները, խնդիրները, որ մատնանշվում են մարդկանց կողմից: Բայց անհասկանալի է թշնամանքի եւ ատելության քարոզը, որ ուղեկցվում է այդ մտահոգություններին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն՝ անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժմանը, որը պահանջում է Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի հրաժարականը:
Դիվանապետի խոսքերով՝ «Կարող եմ հասկանալ մտահոգությունները, բայց բացարձակապես չեմ կիսում դրանց ուղեկցող տոնը, այն ոճը, բովանդակությունը, որոնցով արտահայտվում են դրանք: Ասում են՝ խնդրի մեկ ճանապարհ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը, կաթողիկոսը վարկաբեկված է, ընդունված չէ, ընդհուպ մինչեւ այն, որ եկեղեցականներին, որոնք կաթողիկոսին որպես խորհրդանիշ են ընդունում, սատանա են անվանում: Ինչպես կարելի է սատանա անվանել կաթողիկոսին, ինչպե՞ս կարելի է ԿԳԲ- ի գործակալ անվանել Վազգեն 1-ին Հայրապետին, Գարեգին 1-ին Հայրապետին: Ինչպես կարելի է Վազգեն Սարգսյանի եւ հոկտեմբերի 27-ի հիշատակը պղծել, նրանց նկատմամբ կատարած ահռելի ոճրագործությունը որակել սուրբ հոգու պատիժ»:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների վարքագծի մասին էլ խոսելիս, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, լինելով հոգեւորական, համեմատեց, իր խոսքերով ասած՝ «թշնամի-թուրքերի» վարքագծի հետ: Նա հիշեց թուրքերի արձագանքը, երբ Թուրքիա այցելության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն է արել. «Այդ վարքագիծը բնորոշ է թուրքերին: Ի՞նչ է, մենք ուրախացնում ենք թուրքերի՞ն, ուրախացնում ենք մեր հակառակորդների՞ն, թշնամիների՞ն»:
Դիվանապետը կոչ արեց զերծ մնալ քաղաքական գործընթացները, հռետորաբանությունն ու բառապաշարը եկեղեցական կյանք ներմուծելուց. «Ի՞նչ է նշանակում կաթողիկոսի ընտրությունը ոչ լեգիտիմ անվանել: Քաղաքական, իրավական բառապաշարից զերծ պետք է մնալ: Եկեղեցական կյանքում պետք է գործեն աստվածաբանական, հոգեւոր կանոնական սկզբունքները»:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ յուրաքանչյուրը, ինքն էլ, կաթողիկոսն էլ վրիպումներ ու սայթաքումներ ունենում են, բայց դա չի նշանակում, որ պետք է ոմանք օգտվեն դրանից, պախարակեն ու վարկաբեկեն եկեղեցին ու կաթողիկոսին:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե՝ բողոքի ցույցերի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած, դիվանապետն ասաց.«Եթե բարձրաստիճան հոգեւորականները մտահոգություններ ունեն, նրանք քաջություն թող ունենան այդ խնդիրների մասին բարձրաձայնել։ Անկախ նրանից՝ ով է կանգնած սրա հետեւում, դատապարտելի է»։
Հունիսի 10-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հոգևորականների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած քաշքշուկը եւ վիճաբանությունն, ըստ լուրերի, հրահրել են Գեւորգյան ճեմարանի սաները: Այս մասին էլ եպիսկոպոսն ասաց.«Մենք չէ, որ գնացել էինք ինչ-որ նախաձեռնության մասնակից լինելու, խանգարելու: Իրենք էին եկել փակել ճանապարհը, մուտքը, ցուցապաստառներով ու ահռելի մեղադրանքներով: Ո՞վ է մեզանից հրահրողը: Մի՞թե ճեմարանի ուսանողը զրկված է հնարավորությունից, բարոյակա՞ն է՝ ուսանողը 5-6 տարի կրթվում, սնվում է մի հաստատությունում, որ հանդուրժի իր հոգեւոր հոր նկատմամբ այդպիսի վերաբերմունքի դրսեւորում: Տարօրինակ կլիներ, որ հակառակը լիներ»:
Դիվանապետն, այդուհանդերձ, ընդունեց, որ եկեղեցում կան խնդիրներ, բայց նրա կարծիքով՝ դրանք 1-2 օրում լուծվելիք չեն, դրանք լուծելու համար ժամանակ ու հմտություններ են հարկավոր: «Եվ եկեղեցին չպետք է դառնա հարձակման թիրախ»,-ասաց դիվանապետը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ