«Սովորական աշխատանքային մթնոլորտ էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով երեկ կառավարության նիստում իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճին:
Արծվիկ Մինասյանը հորդորեց` կենտրոնացեք վերջնական եզրակացության վրա. «Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ եւ դրա սահմանադրականության, դրա արդյունաբերության խնդիրը առաջիկայում կքննարկենք»:
Մանրամասները`տեսանյութում
Լրագրողներից մեկը հարցրեց` ինչու՞ վերջին պահին ընկրկեց, դեմ չքվեարկեց: «Ձեզ այդպե՞ս թվաց»,- հարցին հարցով պատասխանեց Արծվիկ Մինասյանը եւ պարզաբանեց. «Ես իմ սկզբունքը պահել եմ: Այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ՝ հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման: Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակիցների, մինչ այժմ գործող 200 հազար մասնակիցների համար դա մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի մեկից պարտադիր կուտակայինի անցման: Ես երկու անգամ անցել եմ Սահմանադրական դատարանով, իսկ Սահմանադրական դատարանի որոշումները կատարված չեն: Հետեւաբար, այս փուլում, եթե մենք քվեարկում ենք այս նախագծին, որը կօգնի, որպեսզի մենք լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասող որոշումը, ես դեմ եմ այդ որոշմանը»:
Լրագրողները նկատեցին`վարչապետը իրեն հորդորեց`պառակտում չմտցնի թիմի մեջ: Արծվիկ Մինասյանը հակադարձեց` չկա որեւէ պառակտում. «Փոքր բանից մեծ բան մի սարքեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ