Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հաղթանակ զբոսայգու մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Մալյան փողոցի բնակիչ Անդրանիկ Հունանյանին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Հունանյանը երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է մոտ 67.000 դրամի տարբեր արժույթի գումար:
Ոստիկանները ճշտել են տուժողի ինքնությունը: Բայց նա տարօրինակ կերպով հաղորդում տալուց հրաժարվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քաղաքացիներին, կանխարգելիչ նկատառումներով, հիշեցնում ենք` լինել առավել ուշադիր, բոլոր այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով նեղվածք է` պայուսակները, դրամապանակներն ու բջջային հեռախոսները պահել տեսադաշտում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն