Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մոնթեի մեծությունը նրանում է, որ պատերազմը տարավ սիրո և համերաշխության համար». Ալեք Ենիգոմշյան

Հունիս 12,2018 15:58

«Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար, Մոնթեի զինակից ընկեր Ալեք Ենիգոմշյանը հավաստիացրեց, որ անընդհատ կարելի է խոսել Մոնթեի մասին:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց. «Հենց այս օրը Մոնթե Մելքոնյանի զոհվելու 25-րդ տարելիցն է: Ինչ-որ չափով դժվար է պատկերացնել, որ քառորդ դար է անցել՝ Մոնթեն մեզ հետ չէ: Մենք ունեցել ենք մի քանի հազար զոհեր՝ տղաներ, կանայք և աղջիկներ, որոնք իրենց կյանքն են տվել, որ հայրենիքը հարատևի: Այդ առումով նրանք բոլորը հավասար են: Մոնթեն մնացած բոլորին հավասար է: Բայց կան մի քանի անձինք, որոնք իրենց կյանքի, պայքարի զոհաբերության ընթացքում տալիս են այնպիսի բաներ, որով իրենք առանձնանում են: Դա իրենց կերպարն է, իրենց բարոյականությունն է և ուղերձը, որ իրենք իրենց ամենօրյա կյանքով հուշում են ապրողներին և գալիք սերունդներին: Մոնթեն հազվագյուտներից է»:

Անդրադառնալով հեղափոխության՝ սիրո և համերաշխության կարգախոսներին, ասաց. «Այս խոսքերը, բառերն ամենից շատ համապատասխանում են Մոնթեի անձին, այն պայքարին, որն ինքը մղեց իր կյանքի ընթացքում և Արցախյան ազատամարտի ընթացքում: Հենց Մոնթեի մեծությունը նրանում է, որ ինքը պատերազմը տարավ սիրո և համերաշխության համար»:

Պարոն Ենիգոմշյանը ցանկություն հայտնեց, որ Մոնթեի մասունքները հավաքվեն բոլորը մեկ տեղ, որտեղ մարդիկ կգան, կծանոթանան նրան:

Անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին՝ Ալեք Ենիգոմշյանը հայտնեց՝ ճիշտ ուղու վրա ենք. «Մեր երկիրն արդեն գավավիժող ուղուց անցել է ճիշտ ուղու վրա: Քաղբանտարկյալների հարցով ճիշտ ուղու վրա լինելը արդյունք, հետևանք է այդ ընդհանուր ուղու ճշգրտման, բավականաչափ դրական ուղու վրա գտնվելու փաստի: Անցնող մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, այդ գործընթացը շարունակվում է: Հետաքրքիր ու կարևոր է, որ նաև այդ զարգացումն արդեն թակել է «Սասնա ծռերի» դուռը, և անցյալ շաբաթվա ընթացքում արդեն «Սասնա ծռերի» խմբից հինգ հոգու նկատմամբ խափանման միջոցը փոխվեց ու նրանք ազատության մեջ են գտնվում: Մեծ հույսեր ունենք, որ բոլորի կողմից քաղբանտարկյալ համարվող Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այդ խմբի դեռևս անազատության մեջ գտնվող վեց-յոթ անդամները շատ շուտով ազատության մեջ կլինեն և այնտեղ ևս արդարությունը կվերահաստատվի և դա կշարունակվի մնացած քաղբանտարկյալների վրա»:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, թե շատ հասկանալի պատճառներով միանգամից այդ անարդար վճիռները չեն կարող բեկանվել. «Այսպես ասված նորմալ դատաիրավական գործընթացը պետք է գնա, բայց լուծումներ պիտի լինեն, որ տղաները փաստացի գտնվեն ազատության մեջ և դրանից հետո անարդար վճիռները բեկանվեն և արդար վճիռներ լինեն, լինի արդարացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930