Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ սփյուռքյան «Նիդերլանդական օրագիր» լրատվականի այն հրապարակմանը, որում սփյուռքյան լրագրողները դժգոհում էին այն փաստից, որ օրերս նախարարն անգամ հինգ րոպե չի հատկացրել ու իրենց չի հանդիպել։ Հոդվածում նշված է, որ նախարարը Վրաստանում է եղել, մինչդեռ կարող էր տեղակալին իր փոխարեն ուղարկել եւ հանդիպել Երեւան ժամանած լրագրողների հետ։
Մխիթար Հայրապետյանն ասաց. «Կրկնում եմ, որ ես աշխատանքային այցով արտերկրում եմ եղել։ Հիմնական մեղադրանքն այն է, թե արդյոք այդքան կարևոր էր Վրաստան այցելելը։ Այդ հարցադրմանը ես չեմ պատասխանի, քանի որ ՀՀ պատվիրակության կազմում եմ գնացել, եւ դա այդ պահին օրակարգի թիվ մեկ հարցն էր»:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրերս իր մամուլի ասուլիսում սփյուռքյան լրագրողներին հանգամանալից բացատրել է, որ ֆիզիկապես հնարավոր չի եղել նրանց հետ հանդիպում կազմակերպել. «Նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի սփյուռքի լրագրողների մասնակցությամբ համաժողովը բարձր մակարդակով կայանա»:
https://www.facebook.com/newsamarm/videos/1922740467749125/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ