Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ. «Այս պահին Լուսակերտի ֆաբրիկան բանկրոտի մեջ է»

Հունիս 12,2018 15:19

Այսօր առավոտից «Լուսակերտ» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ ֆաբրիկայի առաջ բողոքի ցույց էին անում: Աշխատակիցների խոսքերով, ընկերության նոր սեփականատերը որոշել է 50-60 աշխատակցի աշխատանքից ազատել՝ աշխատանքային իրավունքների կոպիտ խախտումներով: Աշխատակիցների խոսքով, իրենք կանգնել են փաստի առաջ, նախապես չեն զգուշացվել՝ ինչպես որ օրենքն է պահանջում. «Եթե չեն կարողանում մեր պահանջները կատարեն, թող գրավոր գրենք, որ իրենք հրաժարվում են այստեղ աշխատել, իրենց բարեկամությունով, ու թող գնան, գան այնպիսի մարդիկ, որոնք կարող են այս տնտեսությունը պահել, այսքան մարդու էլ հուսախաբ չանել: Հորքուրի, քեռու, մորքուրի երեխաներ են, ինչ ուզում անում են, շեշտում են, որ ստեղ իրենք իրենց բարեկամներով են ու մեզ ուզում են հեռացնեն»:

Նրանց խոսքով, հարակից գյուղերից մեծ մասն այս ֆաբրիկայում է աշխատում եւ չկա մի ընտանիք, որոնք վարկերի տակ չլինեն. «Տուն կա, որ երկու հոգի են եւ երկուսն էլ այստեղ են աշխատում, ու երկուսն էլ կրճատման տակ են, ինչո՞վ ապրեն»:

Աշխատակիցների բողոքը լսելու էր եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա ասաց, որ քննարկել են բոլոր խնդիրները եւ նոր տնօրինությունը նոր վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհին է եւ բանկը պետք է հասկանա բիզնեսի արդյունավետության, հեռանկարայնության հնարավորությունը, որպեսզի վարկավորի: Մարզպետն ասաց, որ այս պահին «Լուսակերտ» ընկերությունը բանկրոտի մեջ է. «Բանկրոտ նշանակում է, որ պետությունը կառավարումը վերցնում է իր վրա, ծախում է գույք-մույք, առաջին հերթին փակում է պետական հարկերի պարտքերը, տույժերը եւ հաջորդիվ նոր միայն փակում է աշխատավարձերի պարտքերը ու գնում եք տուն: Որովհետեւ, եթե բանկրոտ է դատարանը ճանաչում, գնում եք տուն»:

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ տնօրինության հետ քննարկեցին, եւ ընկերության ղեկավարությունը Հայբիզնեսբանկի հետ այս պահին քննարկում է վարկային միջոցներ ներգրավելու հարցը:

Մարզպետը նաեւ ասաց, որ 4 օրվա ընթացքում կխորհրդակցեն բանկի, մյուս բաժնետերերի, բիզնես մասնագետների, որին կկցվի նաեւ իր կողմից առաջարկված տնտեսագետ-մասնագետը, ընկերության տնօրինությանը խորհրդատվություն տրամադրելու համար. «Կրիզիսային վիճակում առավելագույնս զերծ մնալով կրճատումից, առավելագույնս զերծ մնալով աշխատավարձի կրճատումից, ինչպես իրենց օգնենք առողջացնելու բիզնեսը»:

Ընկերության տնօրինությունը մարզպետի եւ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամռանը շուկայի տեսակետից, անբարենպաստ վիճակ է, քանի որ թռչնամթերքի գները միշտ ընկնում են. «Երկար տարիներ ներդրում չի արվել, սարքավորումները բոլորը հին են, իսկ դա բերում է այս վիճակին»:

Մարզպետը հետաքրքրվեց, թե այս պահին ինչ հզորություններով է ֆաբրիկան աշխատում: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ 150 հազար գլխաքանակ ունեն, բայց այդ եղածից մի մասը մորթի համար պետք չի»:

Մարզպետը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում աշխատակիցների օպտիմալացումը: Ի պատասխան տնօրինությունն ասաց, որ հիմնարկն իր կառուցվածքով շատ թույլ է, կառուցվածքային բարեփոխումներ անելու խնդիր ունեն. «Այդ հարցերին զուգահեռ նայեցինք նաեւ օպտիմալացման խնդիրը»:

Աշխատակիցները նաեւ մտահոգություն ունեին, որ ազատելու դեպքում էլ տնօրինությունը չի կատարելու օրենքով սահմանված իր պարտավորությունները. «Ազատումից հետո վստահ չենք, որ աշխատակիցներին կվճարեն աշխատած օրերի, արձակման նպաստի եւ վերջնահաշվարկի գումարները: Այս պարագայում սա համարում ենք հոգեբանական բռնություն ՀՀ քաղաքացու նկատմամբ»։

Լուսակերտ ՍՊԸ-ի ձվի արտադրության ֆաբրիկան գտնվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930