Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամենակարեւոր գործը, որ պետք է անի ՀՔԾ-ն, Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». Նիկոլ Փաշինյան

Հունիս 12,2018 15:05

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին եւ շնորհակալություն հայտնեց նախկին պետ Վահրամ Շահինյանին:

Վարչապետն ասաց. «Ամենակարեւոր գործը, որ պետք է անի ՀՔԾ-ն, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է, Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ երբ մենք ասում ենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով՝ քաղաքական-մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն գնացել, հույս ունեմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ենթակայությամբ կանդրադառնան այդ գործերին՝ ՀՀ-ում իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»:

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ասաց, որ մի քանի օր առաջ արդեն աշխատակիցներին հրաժեշտ է տվել ու ասել՝ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է եւ երանի նրանց, ովքեր իրենց ծառայությամբ կարող են արդարացնել այդ մեծ պատիվը»:

Ուշագրավ է, որ Շահինյանը հրաժեշտ տալիս ասաց, որ իրենք աշխատել են ժամանակի պահանջներին համահունչ: Նրա խոսքով՝ «Սկզբունքային, պրոֆեսիոնալ եւ բարոյական բարձր հատկանիշներ ունեցող կոլեկտիվ է, որը ժամանակի պահանջներին համահունչ իրականացրել է իր գործառույթը ոչ միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, այլեւ հենց կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում»:

Նա ասաց, որ շատ քիչ ղեկավարներ կարող են հպարտանալ, որ իրենց ծառայությունում այնքան մեծ հաջողություններ են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչքան ՀՔԾ-ն:

Շահինյանը շնորհավորեց Սասուն Խաչատրյանին եւ ասաց, որ համոզված է՝ ժամանակի այն պահանջները, որ դրվելու են ՀՔԾ-ի առջեւ, պատվով նա կիրականացնի:

Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ կա կամք՝ ՀՔԾ-ի առջեւ եղած խնդիրները լուծելու:

Փաշինյանն էլ վերջում ամփոփելով հույս հայտնեց, որ ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունները այսուհետ պատշաճ քննության կարժանանան ու կբերեն կոնկրետ արդյունքներ. «Երբ որ ՀՀ քաղաքացիները գիտեն ուղղակի իրենց ամենօրյա կյանքի, շփումների բերումով, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ ու դրա արդյունքում չեն տեսնում մի դեպք, որը բացահայտվել է եւ որի կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել, այդ պրոցեսում ըստ էության կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական մարմինների, իրավական մարմինների եւ ընդհանրապես պետության նկատմամբ»:

Վարչապետն ասաց, որ ՀՀ-ում ոչ մի կոռուպցիոներ գիշերը չպետք է կարողանա հանգիստ քնի եւ ՀՀ-ում ցանկացած օրինապահ քաղաքացի իրեն պետք է զգա ազատ եւ երջանիկ, որովհետեւ պետք է իմանա՝ ՀՀ-ում կա կառավարություն, դատական իշխանություն, որն ապահովում է իր իրավունքները, ազատությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930