Այսօր ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը բողոքեց, որ օրենքները այնպես են փոփոխել, որ կրթական համակարգն է փոխվել. «Օրինակ, երբ դու ունես լավ մանկավարժ, իսկ Հայաստանում կա մոտ 500 փոքր համայնք, որտեղ կան դպրոցներ, որտեղ դասավանդման պրոցեսը կատարվում է միանգամից 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 5-6-րդ դասարանցիների համար համատեղ, արդյոք լավ մանկավարժը կարո՞ղ է կրթական որակը բարձրացնել նման պայմաններում: Չե՞ք կարծում, որ կրթական ոլորտում ընտրության պրոցեսը չի արդարացրել իրեն: Մենք էդքան պայքարեցինք, որ արդարացվի, բայց մենք չենք ուզում ընդունել, որ մեր այդ համառությունը չի արդարացրել իրեն»: Ի պատասխան՝ Վարդան Բոստանջյանն ասաց՝ «Հիմա ի՞նչ անենք, սա է մեր վիճակը»:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ պատասխանեց. «Այո, պարոն Հակոբյան, տնօրենների ընտրության, ուսուցիչների նշանակման այս համակարգերը չեն աշխատել ու դրա հիմքում մի պատճառ է, որովհետեւ այն խորհուրդներում, որտեղ կրթության եւ գիտության նախարարությունը, մարզպետները երբ մարդիկ էին նշանակում, չէին ասում՝ առաջնորդվեք տվյալ դպրոցի շահերով, կամ կրթության համակարգի շահերով, այլ առաջնորդվեք նեղ անձնական, կուսակցական շահերով: Դրա համար այս համակարգը չի կայացել»:
Նախարարն ասաց, որ հին համակարգով են հիմա ստիպված ընտրություններ անցկացնել, դրա համար բունտեր են, բայց հին համակարգի տրամաբանությամբ դեռ նախկին մարզպետներ, ԿԳՆ նախկին ներկայացուցիչներ են եւ այդ մարդիկ դեռ շարունակում են առաջնորդվել առայժմ իրենց նեղ անձնական եւ նեղ կուսակցական շահերով: Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջիկա ամիսներին պատրաստվում են կառավարման այս օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել:
Նախարարը հորդորեց 1-2 օրվա ընթացքում առաջարկներ ներկայացնել, որովհետեւ առաջիկա արտահերթի ժամանակ այդ հարցը քննարկվելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ