Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիմիայի ուսուցիչը կարող է դասավանդել հայոց պատմություն». Պատգամավորի բողոքը՝ Արայիկ Հարությունյանին

Հունիս 12,2018 13:43

Այսօր ԱԺ-ում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է քննարկվում: Նախագծով առաջարկվում է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցողներին թույլատրեն երգ-երաժշտության, տեխնոլոգիայի ուսուցիչ կամ տարրական դասարանում դասվար լինեն:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ 5 տարվա ընթացքում կկարողանան բարձրագույն որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, հիմա մասնագետները քիչ են եւ հատկապես սահմանամերձ մարզերում ուսուցիչներ չկան:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն ասաց, որ Մանկավարժական համալսարանի շրջանավարտները բողոքում են, որ աշխատանք չունեն, բայց մյուս կողմից էլ՝ արի ու տես, որ նման խնդի՞ր կա: Նախարարը պատասխանեց. «Այստեղ խնդիրը ոչ միայն սահմանամերձն է, այլ նաեւ վարձատրությունը կոնկրետ այս մասնագիտությունների համար, որովհետեւ տեխնոլոգիա եւ երգ-երաժշտությունը շատ քիչ դասաժամեր են եւ բարձրագույն որակավորում ունեցող մասնագետները չեն գնում, որովհետեւ շատ-շատ քիչ են վարձատրվում: Կարծում եմ, որ նույնիսկ միջին որակավորում ստացած կոնկրետ մասնագետները կարող են համապատասխան որակավորում ստանալով՝ կարողանան դասավանդել դպրոցներում: Եղել է Բակունցի անվան ուսումնարանը, որը տվել է շատ լավ մասնագետներ, այս փորձը պետք է ուսումնասիրել եւ միջին մասնագիտական կրթություն տվող հաստատություններին ավելի մեծ դերակատարում տալ՝ նրանց որակավորումը բարձրացնելով»:

ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ սահմանամերձ գյուղերում եւ բարձր լեռնային բնակավայրերում միայն կրթությունը բարելավելը չէ խնդիրը. «Կան դպրոցներ, որտեղ մի առարկայի մասնագետը դասավանդում է 2-3 առարկա, ասենք, օրինակ, քիմիայի ուսուցիչը կարող է դասավանդել հայոց պատմություն: Դա ազգային անվտանգության խնդիր է, մեր երեխաները չեն ստանում բավարար կրթություն»:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նման խնդիրն առկա է ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլ մարզային, եթե չասեմ մեծ մասում, ապա մի հատվածում՝ հաստատ: Մենք պետք է լուծումներ գտնենք, սա կապված է մի շարք խնդիրների հետ՝ արտագաղթի, աշակերտների նվազման, աշակերտի թվով ֆինանսավորման հետ»: Նախարարն ասաց, որ հիմա նոր բանաձեւ է քննարկվում եւ ինչ-որ չափով այդ խնդիրը կլուծվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930