Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ «Ելքում» ինքը միակն էր, որը կողմ էր կուտակայինին, իսկ Զեյնալյանը իր հետ կռվում էր

Հունիս 12,2018 13:31

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հարցին, թե կուտակային կենսաթոշակի հետ կապված կառավարության որոշման մասին ի՞նչ կարծիք ունի, պատասխանեց, որ այդ առումով ինքն իրեն շատ ազատ է զգում, որովհետեւ նախկինում, երբ «Ելք» խմբակցությունում այդ հարցով քննարկում են արել, ինքը միակ մարդն է եղել, որ համարել է՝ կուտակային կենսաթոշակայինի մոտեցումը դրական է. «Դա այն կոմպրոմիսներից էր, որ հանուն խմբակցության, նաեւ ընդդիմության տրամաբանությունից ելնելով՝ համաձայնեցի խմբակցության մնացած անդամների հետ, նաեւ՝ իմ կուսակից, իմ ընկեր Արտակ Զեյնալյանի հետ, որն ամենապինդն էր իմ հետ կռվում, թե Սահմանադրության հետ դա լուրջ խնդիրներ ու պրոբլեմներ է պարունակում»:

Դիտարկմանը, թե հիմա տեսեք Զեյնալյանն ինչ կարծիք ունի՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Երբ դու ռեալ տնտեսվարող ես, եթե, ասենք, ձեր տան ամբողջ գումարները տան ձեզ ու դուք սկսեք ծախսել, դուք կհասկանաք էն մարդուն, որը ծախսում է»:

Նա պատմեց, որ ինքը տնտեսվարող է եղել ու երբ այդ հարթությունից ես նայում՝ ամեն ինչ այլ է թվում. «Մարդկանց տրվում է աշխատավարձ, որն իրենք ծախսում են, որտեղ չկա այդ կենսաթոշակայինի մասը, այդ ծախսված ավել գումարը, որը հին կենսաթոշակայինից պահվում էր, այն ժամանակ մտնում էր շրջանառության մեջ: Դրանով ավելանում էր թե գնողունակությունը, թե փողի շրջանառությունը, ապրանքաշրջանառությունը: Հիմա այդ գումարը որ հանում ես շրջանառությունից, ի՞նչ ես անում: Ցանկացած մայրիկ, ով փող է հավաքում, կամ ցանկացած հայրիկ, ով տան բյուջեն է տնօրինում, ձեզ կբացատրի: Եթե դու այդ փողը ճիշտ ես կառավարում, առավել եւս՝ երբ դրանով բաժնեթղթեր ես տպում ու նորից փող ես բերում, դա ավելի լավ է, քան պարտք վերցնելը: Այն ընկերությունը, որն այսօր տնօրինում է այդ գումարները, տնօրինում է նաեւ Կանադայի կենսաթոշակային ֆոնդը, այսինքն, ճանաչված ընկերություն է եւ եթե Կանադայի նման գերհզոր պետությունում կասկածներ չկան…»:

Հետո Արամ Սարգսյանն ասաց, որ նախկին իշխանության դեպքում կասկածներ կային գումարի ճիշտ տնօրինման հետ կապված, որովհետեւ ժողովրդի քվեն ու վստահություն ունեցող իշխանություն չէր, իսկ այս իշխանությանը ժողովուրդն է բերել ու կուտակայինի հարցով չվստահելը ճիշտ չէ:

Նա նշեց, որ գործընթացն արդեն սկսվել է ու դրանից հետ կանգնելը շատ ավելի կործանարար կարող է լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930