«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե «Ելքը» արտահերթ ընտրություններին միասնակա՞ն է գնալու, թե՞ առանձին, պատասխանեց, որ քննարկումներ են անում այդ հարցի հետ կապված: Նա նշեց, որ «Ելքը» ԱԺ դահլիճում, դրսում գործընթացներ է իրականացրել, արդյունքներ են ունեցել. «Այդ գործընթացը կշարունակվի, թե առանձին-առանձին կգնանք, սա բացարձակ չի նշանակի, թե գործընթացում ներգրաված կողմերը իրար հակադիր կլինեն»:
Հարցին՝ երեկ Գեւորգ Գորգիսյանն ասում էր, որ եթե «Ելքի» ուժերը առանձին-առանձին գնան ընտրության, նրանցից ոչ ոք չի հաղթի, Դուք ի՞նչ կարծիք ունեք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես էդ կարգի կանխագուշակումներ չէի անի, նայած հաղթել ասելով՝ պարոն Գորգիսյանը ինչ նկատի ունի: Մարդ կա՝ հաղթանակը համարում է 99,9 տոկոս, այդպես են վարվում Նազարբաեւը, Լուկաշենկոն, մարդ կա՝ հաղթանակը համարում է 45 տոկոսը: Ես մշտապես համարել եմ, որ եթե հայ հանրության 45.5 տոկոսը իմ մոտեցումներին դեմ չի լինի, ես ինչ-որ լղոզած տեսակետներ եմ ասում, որ բոլորի համար ընկալելի, ընդունելի լինի, էդ համարում եմ սխալ: Բոլորի համար ընկալելի ու ընդունելի պիտի լինի, ասենք, Սերժ Թանկյանը, ովքեր ռոք են սիրում, ռոք աստղերը, կինոդերասանները, երգիչները: Իսկ քաղաքական գործիչները պիտի ունենան համախոհների բանակ, համակիրների բանակ եւ հակադիր բանակ, որի հետ պիտի բանավիճեն: Մեր երկրում ընդունված է եղել, որ հաղթում է միասնականությունը: Ես միշտ համարել եմ, որ միասնականությունը ժողովրդի մեջ է: Բոլորն ասում էին՝ մինչեւ բոլոր քաղաքական կուսակցությունները կամ ընդդիմությունը չմիավորվեն՝ իշխանափոխություն չի լինի: Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ միայն ինքը իր քաղաքական թիմով՝ ՔՊ կուսակցությամբ իշխանափոխություն արեց: Այստեղ ճիշտ բանաձեւը գտնելու եւ ժողովրդին համախմբելու մեջ է, ոչ թե քաղաքական կուսակցություններով միասնական մասնակցելու»:
Հարցին՝ դա հաշվի առնելով՝ ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը միայնա՞կ կգնա, թե՞ առանձին ընտրություններին՝ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ունի վարչություն, որտեղ քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են. «Իրենք պիտի նստեն ու որոշեն՝ որ տարբերակն է իրենց համար ավելի նախընտրելի: Նույն խնդիրն ունի նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստանը»: Այսօրվա պարագայում մեր համագործակցությունը ես գտնում եմ, որ արդյունավետ է: Ես համարում եմ, որ այն գործընթացը, ինչը ծավալվեց, «Ելք» դաշինքի արդյունքն է: Ես համարում եմ, որ «ելք կա»-ն լավ բանաձեւ է ու իմ համար միշտ «ելք կա»-ն ավելի տարողունակ է լինելու, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը»:
Արամ Սարգսյանն ասաց, որ «տարբեր գաղափար ունեցող կուսակցությունները, անկախ նրանից՝ իրենք մերժել են Սերժին, թե չեն մերժել, եթե միավորվեն այդ ենթատեքստով՝ ես դեմ եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ