Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. ԱԺ նախկին պատգամավորներ

Հունիս 12,2018 13:00

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:

Տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ է՝ իրենց համար կերտել հերոսներ, հաճախ՝ հորինել, պատվել նրանց, իսկ մենք մեր իսկական հերոսներին պահում ենք բանտում: Սամվել Բաբայանը հերոս է, և սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այսօր երկրում շատ բան է փոխվել, և վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաև դատաիրավական համակարգ։

Մինչ այդ շատ կարևոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն և արդար վճիռ։

Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը` արդար դատաքննության և արդար վճռի պահանջով։

Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:

Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.

– եթե դատական ակտը կայացվել է քաղաքական ճնշման արդյունքում՝ ոչ բավարար ապացուցողական բազայի հիման վրա, ապա այժմ զերծ մնալ նման ճնշումներից և իրագործել արդար դատաքննություն իրականացնելու պարտականությունը,

– բավարարել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:

Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը:

Սա արդար դատաքննության պահանջ է, և այդ հարցում ամենաշահագրգիռը հենց Ս. Բաբայանն է։

Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ։ Պետք է ընդամենը ստորագրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության և արդար, ճնշումներից զերծ դատաքննության իրականացման պահանջի տակ, և այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության կամ խմբակցության անդամ եք հանդիսանում։ Ձեզնից պահանջվում է ընդամենը սա, բայց դա կլինի ձեր քայլը՝ արդարության հաստատման և հերոսին՝ օր առաջ երկրին ծառայելու հնարավորություն ընձեռելու ճանապարհին։

 

ԱԺ նախկին պատգամավորներ

Էլինար Վարդանյան

Ստեփան Մարգարյան

Վահե Հովհաննիսյան

Ռուբիկ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930