Չնայած բելառուսական ԶԼՄ-ների պնդումներին, թե ՀԱՊԿ-ում Բելառուսի գործընկեր Հայաստանը թույլ չի տվել Բելառուսին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին, համազարկային կրակի ռեակտիվ կայանքներն արդեն Ադրբեջանում են:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Ըստ նրա, սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։ Ֆելգենգաուերի կարծիքով, հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը, կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ։
Ռուս ռազմական փորձագետն ասաց, որ, եթե կա չկարգավորված հակամարտություն, նման գործարքներն անխուսափելի են, քանի որ կողմերը պետք է մտածեն սեփական անվտանգության մասին, իսկ «Իսկանդերի» ձեռքբերումն ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի կողմից էապես խախտեց հավասարակշռությունը, քանի որ թույլ տվեց Հայաստանին հակամարտության պարագայում ճշգրիտ հարվածներ հասցնել։ «Բնականաբար, հակամարտող երկրներին սպառազինության վաճառքը խնդիրներ կարող է հարուցել, դա հատկապես խնդրահարույց է ՀԱՊԿ-ի առկայության պարագայում, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության առկայության պարագայում։ ՀՀ նախկին իշխանությունները բարձրացրել են այս հարցը, նոր իշխանությունների օրակարգում ևս ներառված է ռուս-ադրբեջանական զենքի գործարքների հարցը, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշ մոտեցումներ փոխվել են ռուսական քաղաքականության մեջ, հենց այդ պատճառով էլ Բելառուսը նոր մատակարարներ է փորձելու գտնել։ Միանշանակ կարելի է ասել, որ ՌԴ-ին ձեռնտու չէ պատերազմն այստեղ և ուժերի հավասարակշռության խախտումը։ Ցանկացած խախտում հօգուտ Ադրբեջանի վերանալու է, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սպառազինություն կուտակած Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, Հայաստանը ևս պատրաստվում է, ուստի ելքը հավասարակշռության պահպանումն է»,- ասաց ռազմական փորձագետը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Ե՞րբվանից է զինատեսակի արտադրող երկիրը համարվում տեխնիկական բնութագիր։ Յուրաքանչյուր զինակեսակ ունի իր տակտիկա-տեխնիկական բնութագիրը (TTX), որը ուսումնասիրելով պետք է կարծիք կազմել կամ հայտել` ռավել ևս ռազմական փորձագետները։ Երկրորդ՝ “Պոլոնեզը” համազարկային կրակի ռեակտիվ համալիր է (ՀԿՌՀ), դասվում է չկառավարվող հրթիռների շարքին իսկ “Իսկանդերը” ՝ օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ է՝ կառավարվող հրթիռներով։ “Պոլոնեզը” և “Իսկանդերը” նմանատիպ խնդիրների կատարման համար չեն նախատեսված և չեն համեմատվում իրար հետ։ Այնպես որ, այս հոդվածը համարել ռազմական փորձագետի մեկնաբանություն կամ վերլուծություն՝ գոնե դժվար է։