«Դուք Վճռաբեկ դատարանի դատավոր եք, 2009-ից այդ դատարանը եղել է ՀՀ դատական իշխանության այն ատյանը, որը դատական կարգով վերանայել է Մարտի 1-ի գործերը, Վահե Ավետյանի «Հարսնաքարի» գործը, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացրած խոշտանգումների գործը, Շանթ Հարությունյան եւ ընկերներ գործը, Գեւորգ Սաֆարյանի տոնածառի գործը, Վարդգես Գասպարիի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացրած խոշտանգումների գործը, «Հաց բերողի» խափանման միջոցի գործերը: Ձեր դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել բերված գործերը: Ո՞րն է եղել կոնկրետ ձեր դիրքորոշումը նշված գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք, հանդես եկե՞լ եք հատուկ կարծիքով, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս հարցն ուղղեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանին:
Ելիզավետա Դանիելյանը պատասխանեց, որ անկախ քվեարկությունից, չի բացառվում, որ ինքը էլի շարունակի աշխատել Վճռաբեկ դատարանում ու այդ դատարանի կողմից ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ կոնկրետ կարծիք հայտնելը դատավորի համար անթույլատրելի է: Դա միջազգային օրենք է, դատավորը իրավունք չունի իր կարծիքը հայտնել արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտերով:
Նա ասաց, որ երբ վարույթ չի ընդունվել, դատավորը չի կարող որեւէ բան անել, իսկ երբ վարույթում եղել է, հատուկ կարծիքներ եղել են, բայց դրանք ԱԺ-ում չի կարող ներկայացնել:
Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ վաղը իրենք քվեարկելու են Դանիելյանին կողմ կամ դեմ, հետեւաբար ինքը չի կարող քվեարկել, եթե չունի այդ հարցերի պատասխանը, թե հանրային հնչեղություն ունեցող այդ գործերի հետ կապված ինչ տեսակետ ունի. «Ես չեմ վիճարկում ձեր դատական կանոնադրությունը, դուք հիմա այս ամբիոնում կանգնած եք՝ որպես ՍԴ անդամի թեկնածու: Մեզ համար կարեւոր է իմանալ՝ դուք ձեր ուրույն մոտեցումը ունեցե՞լ եք այդ գործերով, որը տարբերվել է Վճռաբեկ դատարանի մյուս դատավորների կարծիքից»:
Դանիելյանը պատասխանեց, որ ոչ մի պարագայում չի կարող խախտել օրենքը, եւ դեմ կամ կողմ քվեարկելը պատգամավորի իրավունքն է. «Ես չեմ կարող իմ լիազորությունները չարաշահել, ներող կլինեք»:
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց Ժիրայր Սեֆիլյանի գործից, թե ինչ կարծիք ունի: Դանիելյանը դարձյալ նույն պատասխանը տվեց, որ չի կարող կարծիք հայտնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ