«Գործարարներին հարցրեք»,- խորհրդարանում Aravot.am-ի հարցին`Դուք է՞լ եք ճամպրուկով գումար տարել «Բաղրամյան 26», այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը («Դերժավայի Արկադին»):
Հիշեցնենք, որ գործարարները «Բաղրամյան 26» գումար են տարել ճամպրուկներով, օրերս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է`հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել «Բաղրամյան 26», բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- ասել էր վարչապետը: Ընդ որում, գործարարները, ըստ վարչապետի, խոստովանել էին, որ նման բան եղել է:
Արկադի Համբարձումյանն ասում է`ինքը գործարար չէ, հարցն էլ`ինքը, իբրեւ սեփականատեր, տեղյա՞կ էր, որ նման բան կա, անպատասխան թողեց:
Մեկ այլ հարցի`ՀՀԿ-ն լքելո՞ւ է, պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի լքեմ»: Խոսակցություններ կան, որ ներկայիս իշխանությունը Արկադի Համբարձումյանի նկատմամբ նույնքան բարեհաճ չէ, որքան ՀՀԿ-ից արդեն դուրս եկած գործարարների:
Մանրամասները`տեսանյութում
«Ծառուկյան» դաշինքի գործարար-պատգամավոր Վահան Կարապետյանն էլ շրջանցեց ճամպրուկներով «Բաղրամյան 26» գումարներ տանելու հարցը: Ասաց`ինքը գործարար չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ