Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի բուհերի համար ճգնաժամային է». Արայիկ Հարությունյան (Ֆոտոշարք)

Հունիս 12,2018 12:15

Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց՝ վերահսկողությունը բավարար չէ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մասնավորապես ո՞րն է խնդիրը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ուզում էի հասկանալ` որքան մարդ է հսկում, բավարա՞ր է այդ հսկիչների թիվը լսարան վերահսկելու համար: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև իրավապահ մարմինների համապատասխան ծառայության, և ուժեղ վերահսկողություն են իրականացնում»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելեց Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:

Դառնալով քննական շրջանում առաջացած խնդիրներին՝ նախարարը նշեց, որ երկու բողոք են ներկայացրել ֆեյսբուքում. «Մեկը գրել էր Չարենցավանում հսկողության ուժեղացման վերաբերյալ և մեկ հոգի գրել էր, որ թիվ 190 դպրոցում միջադեպ է եղել հսկողության հետ կապված: Խնդրեցի կոնկրետ փաստեր ներկայացնել ժամի, լսարանի վերաբերյալ, այդպես էլ կոնկրետ փաստ չներկայացվեց»:

Նախարարը մտահոգված է՝ այս տարի բուհերի համար ճգնաժամային է, բազմաթիվ թափուր տեղեր կան. «Պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ, թեպետ այս ընդունելությունը վեց տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին: Դա ազդելու է դրույքների, ծանրաբեռնվածությունների վրա»:

Մեր հարցին՝ այսինքն՝ բուհերը կրճատումների առա՞ջ են կանգնելու, նախարարը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի»:

Ավագ դպրոցների վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ բովանդակությունը պետք է փոխվի. «Կրկնուսույցների խնդիրն առաջանում է նրանից, որ ավագ դպրոցն իր դերակատարությունը չունի: Մենք պիտի այնպես անենք, որ այլևս աշակերտը կրկնուսույցի կարիքը չունենա: Ճիշտ են նշում ծնողերը, որ աշակերտների համար երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»:

Քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը տեղեկացրեց, որ քննությանը մասնակցում է 120 դիմորդ, յոթ բացակա ունեն: Դառնալով վերահսկողության ոչ բավարար լինելու՝ նախարարի դիտարկմանը, տիկին Փալիկյանն ասաց. «Ոչ բավարարի խնդիր չկար, քանի որ այստեղ՝ դռան մոտ են դիտորդները, ուստի թողել են՝ երեխան մտնի ներս և առաջ անցնի: Մեր հսկողներն այստեղ էին, իրենք կտեսնեին հաստատ, ուղղակի այդ պահին է այդպես ստացվել»:

Դիմորդ Արփի Ալավերդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ցանկանում է ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ. «Սիրում եմ տեղեկատվություն ստանալ և կիսվել դրանով: Ուստի շատ ճիշտ ֆակուլտետ է ինձ համար: Պատրաստվել եմ քննությանը շուրջ մեկ տարի. տեսենք՝ ինչ կլինի»:

Հարցին՝ գո՞հ եք ավագ դպրոցից, Արփին պատասխանեց. «Այդքան էլ բավարար չէին գիտելիքները: Ինչքան էլ դպրոցում սովորես, մեկ է, այդ գիտելիքներով շտեմարան չես կարող լրացնել, մինչև քեզ ուղղություն չտան: Մինչդեռ, եթե ավագ դպրոցն ինքն իր գիտելիքը լիարժեք տար, շատ ավելի հեշտ կլիներ համալսարան ընդունվելը»:

Գարիկ Գրիգորյանն ուզում է ընդունվել Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: Նա ևս դժգոհ է ավագ դպրոցից. «Եթե ուսուցումը տասը տարի լիներ, ավելի լավ կլիներ: Իհարկե, ստացել ենք գիտելիքներ, բայց, այսպես թե այնպես, պետք է պարապել կրկնուսույցի մոտ, քանի որ դպրոցի կես օր ժամանակը չի հերիքում, որ այսքան բան կարողանանք սովորել»:

Տեղեկացնենք՝ քննությունների պատասխանները կհրապարակվեն քննության ավարտից մեկ ժամ հետո, իսկ արդյունքները՝ հինգերորդ օրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930