Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո որոշակի խնդիրներ են ծագել փոքր բիզնեսի կողմից մի քանի երկրներից հիմնականում թեթեւ արդյունաբերության ապրանքների ներկրման հետ կախված։ Խոսքը մեր տոնավաճառներում վաճառվող մեծ մասամբ թուրքական եւ չինական հագուստի մասին է։ Տարիներ շարունակ ներկրվող այդ ապրանքները մաքսազերծվել են քաշով։ Ասենք, մեկ կիլոգրամ հագուստի մաքսազերծումը արժեցել է 3 կամ 4 դոլար։ Սակայն դա միշտ խնդիրներ է առաջացրել այդ ապրանքների փաստաթղթաշրջանաոության համար։ «Կիլոյով» մաքսազերծված ջինսը հետագայում տոնավաճառում իրացնելիս գործարարի համար խնդիր էր առաջանում ՀԴՄ կտրոն տալու տեսանկյունից, քանի որ «կիլոյով» մաքսազերծված այդ ջինսից վճարած հարկը հնարավոր չէր ծախսագրել, եւ կտրոն տրամադրելու դեպքում գործարարը մեծ հարկեր պետք է վճարեր։ Այս խնդիրը միշտ պարարտ հող է ստեղծել մի կողմից մաքսայինում կոռուպցիայի համար, մյուս կողմից՝ այս սխեման հնարավորություն է տվել խոշոր գործարարներին օգտվել այդ «պատուհանից» եւ խուսափել հարկերի մի զգալի մասից։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ տասնամյակներով այս հարցը օրենսդրությամբ ու այլ նորմատիվ ակտերով չի լուծվել։
Ու հիմա էլ այս խնդիրը կա։ Եթե շարունակվի այդ ապրանքը մաքսազերծվել «կիլոյով», ապա տոնավաճառներում կշարունակեն խուսափել ՀԴՄ կտրոն տրամադրելուց, ու կստացվի, որ խնդրահարույց այս սխեման շարունակում է գործել։
Մյուս կողմից, Թուրքիայից ու Չինաստանից նշված ապրանքների ներմուծումը երկար ժամանակով կասեցնել հնարավոր չէ, քանի որ հազարավոր ընտանիքներ իրենց հացը վաստակում են դրանով։
Ու հիմա որոշակի տեղեկություններ են հասնում մեզ, որ սահմանին կրկին ակտիվացել են «կարգոները», որոնք նախկինի պես հաջողացնում են մաքսայինի հետ պայմանավորվելով մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները, դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։ Բայց ամենատարօրինակն այն է, որ որոշ «կարգոներ» կարողանում են մաքսազերծել իրենց հաճախորդների ներկրած ապրանքները, իսկ որոշներին դա չի հաջողվում։ Ընդ որում, մեր տեղեկություններով, հաջողակ են այն «հին ու բարի» խմբերը, որոնք տարիներ շարունակ օգտվել են մութ ու կասկածելի սխեմաներից։ Իսկ նրանք, ովքեր չեն եղել այդ սխեմաներում, որեւէ կերպ հաջողության չեն հասնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում