Ինչպես արդեն նշել էինք՝ մեր նկարահանող խումբն Արցախում էր, և չափազանցություն չի լինի, եթե ընդհանրացնելով արձանագրենք՝ Արցախում՝ ինչպես Հայաստանում. ընտրություններից՝ մինչև բարեփոխումներ, բանկային համակարգի խնդիրներից՝ մինչև աշխատատեղերի բացակայություն, արտագաղթից ու հիասթափության մթնոլորտից՝ մինչև վախի ու անվստահության մթնոլորտ, շարքային խաբեբա չինովնիկներից՝ մինչև պետական պատասխանատու գործիչներ՝ երևույթներն ու գործելաոճը նույնն է:
Սումգայիթից փախստական Կարինե Գրիգորյանին հանդիպեցինք Ստեփանակերտում: Իր խնդրի անարդարացի լուծման համար, բնականաբար, դիմել է բոլոր պատասխանատու ատյաններին, սակայն անարդյունք: Վերջին հույսը, ինչպես ինքը նշեց, համացանցի միջոցով Նիկոլ Փաշինյանին դիմելն է.
«Շատ եմ գոռոզանում, որ մեր ազգի մեջ տհենց տղա տուրս եկավ»,-մեզ հետ զրույցում հուզված ասաց Կարինե Գրիգորյանը և հավելեց, որ, եթե նույնիսկ իր խնդիրը լուծում չստանա, միևնույնն է՝ շատ ուրախ է Հայաստանում կատարվող փոփոխությունների համար և շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, Կարինե Գրիգորյանի ամուսինն ու 2 տղաները մասնակցել են Արցախյան ազատամարտին: 1997 թվականին մահացել է ամուսինը, իսկ 2007 թվականին՝ կրտսեր որդին: Ավագ որդին, պատերազմից հետո, դարձել է առաջին կարգի հաշմանդամ: Այսօր արտասահմանում է և հիասթափված ասում է, որ չի ուզում վերադառնալ:
Թե ինչ է տեղի ունեցել Արցախում փախստական Կարինե Գրիգորյանի հետ, ներկայացնում ենք տեսանյութում:
Սուրեն Սարգսյան