«Հարգելի պարոն Պապիկյան,
ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ:
Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական եւ հասարակական գործունեության, ինչպես նաեւ երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցության գնահատություն: Համոզված եմ, որ ընտրողների արտահայտած դիրքորոշումը նաեւ Հայ դատի՝ Տորոնտոյի գրասենյակի ղեկավարման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով Կանադայի իշխանությունների հետ Ձեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արտացոլումն է:
Կանադան հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին եւ երկրորդ տուն ու հայրենիք դարձավ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականների համար՝ հետագայում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա տարիներին Ձեր օրինաստեղծ աշխատանքը կդառնա հայ ժողովրդի յուրօրինակ շնորհակալությունն Օնտարիո նահանգին եւ Կանադային:
Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան բարեկամ եւ գործընկեր պետություններ են, ինչը դրսեւորվում է ամենատարբեր հարթակներում ու ձեւաչափերում սերտ համագործակցության տեսքով: Եվ բնական է, որ Ձեր խորհրդարանական գործունեությունն առաջին հերթին պիտի իր նպաստը բերի Ձեր երկու հայրենիքների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:
Սիրելի պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն Օնտարիո նահանգի խորհրդարանում եւ նույնքան եռանդուն աշխատանք՝ ի շահ Կանադայի հայ համայնքի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն